Փորձագետները` «ադրբեջանական բանակի ամենաուժեղներից լինելու մասին»
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը կառավարության նիստում հայտարարել է, որ «ադրբեջանական բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է, ինչը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորման գործում»։
Թեմայի առնչությամբ, ռազմական փորձագետ Դավիթ Սոֆյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից սպառնալիքներ մշտապես արվել են, սակայն նոր երևույթ է` ադրբեջանական բանակը ներկայացնել որպես աշխարհի լավագույն բանակ:
«Կարելի է հստակ նշել, որ համենայնդեպս, վերջին 20 տարվա ընթացքում` Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Սաֆար Աբիևի օրոք, բանակում լուրջ քայլեր, բարեփոխումներ չեն իրականացրել ինչը թույլ կտար Ադրբեջանի բանակը նույնիսկ տարածաշրջանային մակարդակով լավագույնը համարել: Տարեսկզբից ադրբեջանական բանակում արդեն 4 զոհ է գրանցվել (բոլորն էլ ինքնասպանություն)` պաշտոնական տեղեկություններով, իսկ այսօր դժվար է ասել, թե իրականում որքան զոհ է ունենում ադրբեջանական բանակը»,- նշեց ռազմական փորձագետը:
Դիտարկմանը, թե Ադրբեջանում բավականին մեծ գումարներ են ուղղում բանակին, ռազմաարդյունաբերության զարգացմանը, Դ. Սոֆյանը նշեց. «Այն, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն հետևողականորեն աճում է` որևէ մեկը չի կարող հերքել, այլ հարց է, թե ինչ խնդիրների լուծման է ուղղված այդ գումարները, որքանով են դրանք արդյունավետ և ի վերջո ինչ հարցեր են լուծում ստանում: Ինչ վերաբերում է ռազմաարդյունաբերության զարգացմանը, ապա Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ հայտարարում է այս կամ այն տիպի զինատեսակի սեփական արտադրության մասին, սակայն պրակտիկայում դրանք դեռևս չեն գործածվել, դժվար է խոսել դրանց արդյունավետության մասին: Ավելին` դրանք հիմնականում փիառ իրականացնելու համար, իրականում Ադրբեջանում լուրջ ռազմաարդյունաբերություն չկա»:
Ռազմական փորձագետ Սամվել Բաբայանը նշեց, որ հայտնի չէ, թե ինչ մեթոդաբանությամբ են Ադրբեջանում գնահատում «ուժեղ բանակի առկայությունը»:
«Ում հետ են համեմատում իրենց բանակը` այն համարելով «աշխարհի ուժեղագույն բանակներից»: Անկախությունից ի վեր, Ադրբեջանը սպառազինության գնումներից բացի այլ բան չի անում: Հասկանալի է, որ նավթի առկայությունը հնարավորություն է տալու սպառազինություն գնել, սակայն ադրբեջանական բանակում լուրջ գործընթացներ չեն ընթացել, շատ բան մնացել է այնպիսին, ինչպիսն այն 90-ականներին էր»,- նշեց փորձագետը:
Նրա խոսքերով, տարբեր երկրներից զինտեխնիկա գնվում է, սակայն կադրերի խնդիրը մնում է խիստ ակտուալ. չի բացառվում, որ հավանական պատերամզի դեպքում Ադրբեջանը հույս ունի օգտվել վարձկանների ծառայություններից:
Ազատամարտիկ, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանն ընդգծեց, որ Ադրբեջանի նախագահը փորձում է իր համար ցանկալին որպես իրականություն ընդունել:
«Ինչ են դրանք արել, որ այսօր մեծ-մեծ խոսում են բանակաշինության կամ հզոր բանակ ունենալու մասին: Եթե Ադրբեջանի նախագահն այնպիսի բանակ ունենար, որի մասին այդքան երազում են, ապա նա արդեն իսկ վերսկսել էր պատերազմը: Ու ով է խոսում պատերազմի մասին, մի մարդ, ով նույնիսկ վառոդի օդ չի շնչել: Երկար-բարակ խոսելու ու մեծ-մեծ «փրթելու» փոխարեն, Ալիևը ավելի լավ կաներ ներողություն խնդրել իր ժողովրդից` տարիներ շարունակ սուտ խոսելու ու իրենց որդիներին «մահվան դուռը» հասցնելու համար: Ալիևի երեսից, ամեն տարի սահմանին ահագին կորուստներ են լինում, իսկ նա մինչև հիմա պատասխան չի տվել իր քայլերի համար»:
Հավելենք, որ Իլհամ Ալիևը նույն ելույթում նաև հայտարարել է, որ եթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները, կարճ ժամանակում կարող է տեղաշարժ արձանագրվել հակամարտության կարգավորման հարցում։ Իսկ իրատեսական մոտեցումը, ըստ նրա, պետք է հենվի իրականության, իրական ուժերի հարաբերակցության վրա։
«Մեր ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորման գործում։ Մեր բանակը աշխարհի ամենաուժեղ բանակներից է»,- նշել է նա։