IWPR. Ադրբեջանում ներկայումս ղարաբաղյան պատերազմի 20 վետերան ինքնասպանության եզրին են
«Զաուր Հասանովի ինքնահրկիզումը մտահոգություն է առաջացնում, որ ղարաբաղյան պատերազմի վետերանների բարօրությունը Ադրբեջանում ապահովված չէ, և նրանք ապրում են աղքատության մեջ»,- ասվում է «Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի» (IWPR) կայքում տեղադրված հոդվածում:
Աղբյուրը գրում է, որ Ադրբեջանի 11,000 վետերաններ պատերազմից հետո հաշմանդամ են դարձել և չեն կարողանում ապահովել իրենց ընտանիքներին:
«Ղարաբաղի հաշմանդամների կազմակերպության» խոսնակ Ռեյ Քերիմօղլուն ասել է, որ շատ վետերաններ ապրում են ծանր պայմաններում, սակայն իշխանություններին ուղղված օգնության կոչերին ոչ ոք ուշադրությունչի դարձնում:
«Մենք ներկայումս ավելի քան 20 հաշմանդամի պահում ենք մեր ուշադրության կենտրոնում. նրանք ինքնասպանության շեմին են: Մենք շատ նամակներ ենք ստանում մարզերում բնակվող վետերաններից»,- ասել է Քերիմօղլուն:
Ըստ կառավարության քննադատների` իշխանությունները հեշտությամբ կարող են օգնել հաշմանդամներին, եթե ցանկանան:
«Եթե նավթից ստացված եկամուտները արդյունավետ կերպով օգտագործվեին, ապա հաշմանդամների վիճակը շատ ավելի լավ կլիներ: Երկրի աճող բյուջեի պայմաններում հաշմանդամներին տրվող կենսաթոշակները ուղղակի ծիծաղելի են»,- ասել է «Տնտեսական նախաձեռնությունների աջակցության կենտրոնի» տնօրեն Սամիր Ալիևը:
Նյութում նշվում է, որ պատերազմի մասնակիցները ամսական կարող են ստանալ 125-200 մանաթ (125-200 եվրո), կախված հաշմանդամության աստիճանից, ինչպես նաև 75-110 մանաթ պետական և 33 մանաթ զինվորական թոշակ: Բացի այդ` կառավարությունը հայտարարել էր, որ 5000 հաշմանդամների նոր բնակարաններ է հատկացրել:
Սակայն Քերիմoղլուն նշեց, որ ամեն ինչ այնքան էլ «հիասքանչ» չէ, ինչքան կառավարությունն է ներկայացնում. «Պաշտոնյաները հաշմանդամների հասանելիք բնակարանները նրանց տալու համար կաշառք են պահանջում»:
Ըստ նրա` խնդիրը միայն բնակարանը չէ: «Մարդ չի կարող բնակարանում նստել և սովից մահանալ: Այդ իսկ պատճառով ես վարձով եմ տվել իմ բնակարանը և ընտանիքիս հետ ապրում եմ մի հյուղակում: Ես 4 երեխա ունեմ և ստանում են ընդամենը 150 մանաթ թոշակ»,- ասել է նա:
Մեկ այլ վետերան Նամիկ Մամադովը նշեց, որ նա հուսահատության մեջ է, քանի որ կարող է կորցնել իր վարձակալած արհեստանոցը:
«Իշխանությունները ուզում են քանդել արհեստանոցը` ճանապարհը լայնացնելու նպատակով: Ինչպե ՞ ս եմ ես այժմ կերակրելու իմ երեխաներին: Ես բարեգործություն չեմ ուզում: Ինձ պարզապես հնարավորություն տվեք իմ ազնիվ հացը վաստակել: Ի ՞ նչ պետք է ես հիմա անեմ: Ի ՞ նչ է, պետք է ինձ այրեմ, որ երեխաներիս կարողանամ կերակրել»,- ասել է նա «IWPR»-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան