Քշիշտոֆ Պենդերեցկին Երևանում պարգևատրվել է ոսկե մեդալով
Աշխարհահռչակ լեհ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին, ով Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում, երաժշտության բնագավառում ունեցած մեծ նվաճումների, երևանյան երաժշտական կյանքում ներդրած ավանդի համար և ծննդյան 80-ամյակի կապակցությամբ պարգևատրվել է Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Բարձր գնահատելով համաշխարհային երաժշտարվեստում Պենդերեցկու ներդրած ավանդն ու ու անբասիր ծառայությունը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը կարևորել է կոմպոզիտորի երևանյան համերգների անցկացումը, հատկապես՝ երիտասարդ կատարողների կատարելագործման տեսանկյունից:
Հյուրին ներկայացնելով Երևանի և Վարշավայի միջև ձևավորված համագործակցության հեռանկարները՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է, որ 2013-ի ամռանը Երևանի և Վարշավայի քաղաքապետերը ստորագրել են մտադրությունների հուշագիր, համաձայն որի՝ երկու մայրաքաղաքները պատրաստակամ են զարգացնելու բարեկամությունն ու խրախուսելու Երևանի և Վարշավայի միջև ակտիվ համագործակցությունը։ Տարոն Մարգարյանը նշել է, որ երկու մայրաքաղաքների միջև մշակութային համագործակցության ընդլայնման մասով ակնկալում է նաև մաեստրոյի աջակցությունը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ աշխարհահռչակ կոմպոզիտորն անկեղծորեն խոստովանել է, որ հուզմունքը մեծ է նման գնահատանքի արժանանալու և իր արվեստի հանդեպ ցուցաբերած առանձնահատուկ վերաբերմունքի համար:
Քշիշտոֆ Պենդերեցկին շնորհակալություն է հայտնել նաև Երևանի քաղաքապետին «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնին աջակցելու համար:
Հիշեցնենք, որ Երևանում հունվարի 13-16-ն անցկացվում է «Քշիշտոֆ Պենդերեցկու օրերը Հայաստանում»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան