«Արամ Ղարաբեկյանը նոր լիցք հաղորդեց երևանյան երաժշտական կյանքին»
«Անգնահատելի է բազմափորձ դիրիժորի ավանդը Հայաստանի պետական կամերային նվագախմբի զարգացման, հայ երաժշտարվեստի միջազգայնացման ու հանրահռչակման գործում: Իրեն բնորոշ նվագացանկի ինքնատիպ ընտրությամբ Արամ Ղարաբեկյանը նոր լիցք հաղորդեց ոչ միայն նվագախմբին, այլև Երևանյան երաժշտական կյանքին: Կատարվող երկերի ոգու բացահայտումն ու մեկնաբանումը սեփական անհատականության հարազատ շեշտումով՝ դարձան դիրիժորի անշփոթելի ձեռագիրը: Սկիզբ առավ երաժշտությունը ժողովրդին հասանելի դարձնելու անհրաժեշտ ծրագիրը, որի շրջանակներում Հայաստանի մարզերում ու Արցախում իրականացվեցին բարեգործական համերգներ:
Խորը ցավ ապրելով տաղանդավոր երաժշտի անդառնալի կորստի համար, մեր վշտակցությունն ենք հայտնում արվեստագետի ընտանիքին, հարազատներին, ընկերներին ու երկրպագուներին»,- նշված է Հայաստանի պետական կամերային նվագախմբի նախկին գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Մովսես Խորենացի մեդալակիր Արամ Ղարաբեկյանի մահվան կապակցությամբ տարածված Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղ. ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի և Հայաստանի պետական կամերային նվագախմբի տնօրեն Նորայր Նազարյանի ցավակցական ուղերձում:
Նախորդող հրապարակումներ՝
Արամ Ղարաբեկյանի դին տեղափոխվելու է հայրենիք
Սերժ Սարգսյան. Արամ Ղարաբեկյանը դրսևորվեց որպես բարձրակարգ և ինքնատիպ նվագավար
Վախճանվել է Արամ Ղարաբեկյանը (Լրացված)