Ստյոպա Սաֆարյան. Տարին մեկնարկում է անսովոր
«Տարին, նախորդ տարիների համեմատությամբ, մեկնարկում է մի փոքր անսովոր այն առումով, որ Հայաստանի վրա ազդող արտաքին մի քանի գործոններ ուժեղացել են»,- ասուլիսում նման տեսակետ հայտնեց «Ժառանգություն» կուսակցության քարտուղար Ստյոպա Սաֆարյանը:
Ըստ նրա, տարին վճռորոշ է լինելու արտաքին քաղաքականության առումով. մինչև մայիս, ըստ հայտարարությունների, պետք է պատրաստ լինի Հայաստանը Մաքսային միությանը միանալու համաձայնագիրը, ինչը նշանակում է, որ մինչև հունվար ամեն ինչ արվելու է, որ Հայաստանը դառնա ՄՄ անդամ. «Եվրոպան, Արևմուտքը ձեռքները ծալած չեն նստելու, թեժ պայքար է գնալու Հայաստանի, տարածաշրջանի համար»:
Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքին, Ս. Սաֆարյանն ասաց, թեև ընտրական ցիկլերն ավարտվել են, բայց քաղաքական բոլոր ուժերն էլ պատրաստվում են հաջորդ խորհրդարանական, նախագահական ընտրություններին:
«Ներքաղաքական կյանքը Հայաստանում դառնում է չափազանց ակտիվ, տեսնում ենք երկրորդ նախագահի ակտիվացումը: Հերթական անգամ գրոհ է սկսվել կառավարության վրա: Օգտագործելով ներքին վիճակը, արտաքին գործոնների ակտիվացումը, քաղաքական շրջանակները, ովքեր դժգոհ են ներկայիս իշխանություններից, փորձում են հասնել կառավարության հրաժարականին»,- ասաց Ս. Սաֆարյանը: