Թուրքիայի վարչապետը դեսպաններին կոչ է արել պատրաստ լինել հայերի 2015-ի արշավներին
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն հանդիպում է ունեցել թուրք դեսպանների հետ և նրանց պատվին տրված ընթրիքի ժամանակ խոսել է Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հայկական սփույռքի հնարավոր նախաձեռնությունների մասին:
Թուրքական «Դունյա բուլթենի» լրատվականի կայքը տեղեկացնում է, որ էրդողանը նշել է, թե Հայկական սփյուռքը պատրաստվում է 1915 թվականի իրադարձությունները միակողմանի ներկայացնել և վերածել քաղաքական արշավի:
«Այդ սև քարոզչության առաջ մենք ամուր կանգնելու ենք»,- ասել է Էրդողանը: Վերջինս նաև նշել է, որ Թուրքիայում փորձեր եղել են սրբագրել պատմությունը, այլ կերպ ներկայացնել, բայց իբր թուրք ժողովուրդը չի տրվել այդ սուտ մոլորություններին:
Հիշեցնենք, որ թուրք դեսպանների հետ հանդիպել էր նաև Թուրքայի նախագահ Աբդուլլահ Գյուլը: Վերջինս նույնպես անդրադարձել էր Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ նշելով, թե հավանականություն կա, որ Թուրքիան կարող է բացասական լույսի ներքո ներկայացվել միջազգային ասպարեզում: Գյուլը թուրք դեսպաններին մասնավորապես հանձնարարել է անել ամեն հնարավորը, որպեսզի թուրքական պետությունը կրկին աշխարհի աչքին փայլի և դրական լույսի ներքո երևա:
Թուրքիան ավանդաբար հերքում է 20-րդ դարի սկզբին շուրջ 1.5 մլն հայերի զանգվածային ոչնչացման մեղադրանքները:
Հայոց ցեղասպանությունն (Armenian Genocide) արդեն ճանաչել և դատապարտել են Ուրուգվայը (1965թ.), Կիպրոսի Հանրապետությունը (1982թ.), Արգենտինան (1993թ.), Ռուսաստանի Դաշնությունը (1995թ.), Կանադան (1996թ.), Հունաստանը (1996թ.), Լիբանանը (1997թ.), Բելգիան (1998թ.), Իտալիան (2000թ.), Վատիկան (2000թ.), Ֆրանսիան (2001թ.), Շվեյցարիան (2003թ.), Սլովակիան (2004թ.), Հոլանդիան (2004թ.), Լեհաստան (2005թ.), Գերմանիան (2005թ.), Վենեսուելան (2005թ.), Լիտվիան (2005թ.), Չիլին (2007թ.), Շվեդիան (2010թ.): Հայոց Ցեղասպանությունը ճանաչել են նաև Վատիկանը, Եվրախորհուրդը և Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան