Հասան Ռոհանի. Հանուն Իրանի առաջընթացի՝ Արևմուտքին ժպտում ենք, նրա հետ սուրճ խմում
«Հանուն Իրանի առաջընթացի՝ Արևմուտքին ժպտում ենք, նրա հետ սուրճ խմում»,-այդ մասին իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին:
Իրանի նախագահը Խուզեսթան նահանգ կատարած այցի շրջանակներում տեղի ունեցած հանդիպումներից մեկի ընթացքում, անդրադառնալով Իրանի և Արևմուտքի հարաբերություններում վերջին շրջանում տեղի ունեցած զարգացումներին, մասնավորապես նշել է. «Ոմանք կարծում են, թե մեզ դուր է գալիս, երբ մենք օտարերկրացիներին ժպտում ենք, կամ նրանց հետ սուրճ ենք խմում. Ժպիտը և վստահության մթնոլորտ ստեղծելը կատարվում են հանուն երկրի առաջընթացի»:
Հիշեցնենք, որ նախօրեին տեղի էր ունեցել ԻԻՀ նախագահի առաջին նահանգային այցը. նա մեկնել էր իրանաիրաքյան սահմանին գտնվող Խուզեսթան նահանգ: Տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ Հասան Ռոհանին, անդրադառնալով ժնևյան համաձայնագրին, մասնավորապես նշել է. «Մի քանի օր հետո ժնևյան համաձայնագիրը ուժի մեջ կմտնի: Գիտե՞ք ինչ է ժնևյան համաձայնագիրը. Ժնևյան համաձայնագիր՝ այսինքն աշխահրի կողմից միջուկային էներգիան խաղաղ նպատակներով օգտվելու Իրանի իրավունքի ճանաչում. Ժնևյան համաձայնագիր, այսինքն՝ դա նշանակում է, որ Իրանի մեծ ժողովրդի առջև գերտերությունները հանձնվեցին»:
Նշենք, որ Ժնևում Իրանի և «5+1 խմբի» միջև ս.թ. նոյեմբերի 24-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՄԱԿ-ի ԱԽ-ն, ԵՄ-ն և ԱՄՆ-ն պետք է ձեռնպահ մնան Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելուց: Իրանն էլ իր հերթին պարտավորվել է 6 ամսվա ընթացքում ուրանը 5 տոկոսից ավել չհարստացնել: Իրանի և «5+1 խմբի» միջև օրերս ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ժնևյան համաձայնագրի սկզբնական մասը, որը ստացել է «Համատեղ քայլերի ծրագիր» անունը, կսկսի արդեն գործել ս.թ. հունվարի 20-ից:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա