Ըստ «Տնտեսական ազատության ինդեքսի»` Ադրբեջանը խիստ զիջում է Հայաստանին
Ըստ «Տնտեսական ազատության ինդեքս-2014» զեկույցի («Index of Economic Freedom 2014») `Հայաստանը 178 երկրների շարքում 68.9 միավորով զբաղեցնում է 41-րդ տեղը: Հայաստանը պատկանում է «Չափավոր ազատ տնտեսություն» ունեցող երկրների շարքին և ԱՊՀ երկրների շարքում առաջինն է:
Այս տարի Ադրբեջանը զբաղեցրել է 81-րդ տեղը և փորձագետները նշում են, որ Ադրբեջանում վերջին երկու տասնամյակի ընթացքում օրենքի գերակայությունը վատթարացել է, իսկ կոռուպցիայի մակարդակը երկրում շարունակում է մնալ էական խնդիր: Տնտեսության ազատության վիճակը բարելավելու համար անհրաժեշտ է հիմնավար բարեփոխումներ անցկացնել, մասնավորապես` ապահովել սեփականության իրավունքը, ասվում է փաստաթղթում:
Ինդեքսը հրատարակվում է ամերիկյան հետազոտական կազմակերպության` «Heritage Foundation»-ի կողմից` «The Wall Street Journal»-ի հետ համատեղ:
Նշենք նաև, որ Վրաստանը այդ ինդեքսում զբաղեցնում է 22-րդ տեղը, Ռուսաստանը գտնվում է 140-րդ հորիզոնականում, Բելառուսը` 150-րդ, Ղազախստանը` 60-րդ, Ղրղզստանը` 85-րդ, Ուզբեկստանը` 163-րդ, Թուրքմենստանը` 171-րդ, Տաջիկստանը`139-րդ, Մոլդովան`110-րդ:
Նշենք նաև, որ «Heritage Foundation» կազմակերպության փորձագետները տնտեսական ազատությունը սահմանում են, որպես «կառավարության միջամտության կամ ապրանքների , ծառայությունների արտադրության, բաշխման և սպառման խորընդոտների բացակայություն, բացառությամբ քաղաքացիներին անհրաժեշտ պաշտպանության կամ ազատության պաշտպանության ապահովման»: Տնտեսական ազատության աստիճանը հաշվարկվում է տասը ցուցանիշների միջին թվաբանականով: Ցուցանիշները հետևյալն են` բիզնես միջավայրի, առևտրի, ֆինանսական հատվածի, ներդրումների, աշխատանքի, դրամական և ֆինանսական ազատություններ, սեփականության իրավունքի երաշխիքներ, բյուրոկրատական համակարգի չափեր և կոռուպցիայից պաշտպանության աստիճան: Այսպիսով, «բացարձակ ազատ» տնտեսությունը ստանում է 100 միավոր, իսկ որտեղ ընդհանրապես ազատություն չկա` 0 միավոր: Տնտեսության ազատության հետազոտությունը անցկացվում է սկսած 1995թ.-ից:
Հիշեցնենք, որ անցած տարվա «Տնտեսական ազատությունների ինդեքս-2013»-ի տվյալներով («Index of Economic Freedom 2013») Հայաստանը ԱՊՀ երկրների մեջ առաջատարն էր և աշխարհում զբաղեցնում էր 38-րդ տեղը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա