Կարծիքներ. Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի
Ադրբեջանի զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայությունը հրապարակել է 1991-94 թվականին, Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցածների ու զոհերի թիվը: Ըստ այդ հրապարակման, Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը 11.557 զոհ է ունեցել:
Panorama.am-ի հետ զրույցում, մեկնաբանելով վերոնշյալ տվյալները, պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանը քողարկում է ինչպես փաստերը, այնպես էլ կորուստների իրական թիվը:
«Մեր հաշվարկներով, Ադրբեջանի կորուստները, նրանց հրապարակածից գրեթե 3 անգամ շատ են: Հայկական կողմը վերոնշյալ տվյալները հաշվարկել է` հաշվի առնելով տարբեր ուղղություններով տեղի ունեցած բախումներն ու պատերազմի տարբեր էպիզոդներ»,- նշեց Ա. Հովհաննիսյանը:
Միաժամանակ վերջինս հավելեց, որ Ադրբեջանը նաև խուսափում է հրապարակել, թե որքան փոքրաթիվ ուժերով է հայկական կողմը հետ մղել ադրբեջանական մեծաթիվ ու լավ զինված ստորաբաժանումներին:
Վերոնշյալի առնչությամբ, ղարաբաղյան պատերազմի մասնակից, Աֆղանստանի պատերազմի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը նշեց, որ պատերազմից հետո առիթ է ունեցել առնչվել Ադրբեջանում գործող վետերանների տարբեր կազմակերպությունների ղեկավարների հետ.
«Նրանք դեռ այն ժամանակ ինձ հետ զրույցում նշեցին, որ Ադրբեջանում հաշվարկվել է պատերազմի հետևանքով զոհվածների թիվը` 16.000: Սա ևս արժանահավատ թիվ չէ, որովհետև հայտնի է, որ ադրբեջանական կողմը շատ ավելի զոհեր է ունեցել, քան ներկայացնում է: Ամեն դեպքում, Ադրբեջանի համապատասխան հանձնաժողովի և վետերանների կազմակերպությունների ներկայացրած թվերը տարբերվում են. երևի Ադրբեջանում միասնական տեսակետ չկա, որքան զոհ պետք է ներկայացնել, ամեն դեպքում հասկանալի է, որ մանիպուլյացիոն պրոցեսներ են ընթանում»,- նշեց Ա. Մխիթարյանը:
Հարցին, թե ինչով է պայմանավորված այս ժամանակահատվածում այդ թվերի հրապարակումը, Ա. Մխիթարյանն ասաց. «Ադրբեջանը պարզ հայտարարում է, որ պատրաստվում է պատերազմի` սպառազինություն գնում, ռազմական բյուջեն ավելացնում: Միաժամանակ ուզում է իր հասարակությանը ցույց տալ, թե իրենք պատերազմից այդքան էլ շատ կորուստներով դուրս չեն եկել` փորձելով հոգեբանորեն պատրաստել նոր պատերազմի»:
Այս առնչությամբ, ռազմական փորձագետ Գագիկ Կարապետյանը փոխանցեց, որ պատերազմից հետո տեղի ունեցած վերջնական հաշվարկի արդյունքում պարզվել էր, որ Ադրբեջանի կորուստների թիվը մոտ 30 հազարի է հասնում:
«Ակնհայտ է, որ Ադրբեջանի ներկայացված թվերը շատ հեռու են իրականությունից: Ավելին, պատերազմի ուսումնասիրություններով զբաղվող գիտնականները նշում են, որ 100-ամյակի կտրվածքով, իր մասշտաբների համեմատ, Արցախի պատերազմն ամենա արյունալիներից է: Իսկ կոնկրետ ուղղություններով, պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարտերի վերլուծությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական կողմը բավականին շատ զոհեր է ունեցել, ինչը վերջնահաշվարկում չէր կարող նման նվազ թիվ կազմեր»,- հավելեց Գագիկ Կարապետյանը:
Հարցին, թե ինչով եք պայմանավորում այս ժամանակահատվածում այդ թվերի հրապարակման հանգամանքը, փորձագետը նշեց. «Ադրբեջանն իր հասարակությանը նախապատրաստում է պատերազմի, իսկ այս հրապարակմամբ ուզում է իր ժողովրդին հասկացնել հետևյալը. եթե այսքան քիչ զոհ ունեցել ենք 20-25 տարի առաջ, երբ դեռ նորմալ բանակ չունեին, ապա այժմ, երբ այդքան «ձեռքբերումներ ունենք»` կարող ենք պատերազմել ու ակնկալել առավել նվազ կորուստներ»: