Լյուքս Ստեփանյանի գործով փաստաբանների մեքենան խափանվել է, նիստը` հետաձգվել
Այսօր Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանում (Իջևանի նստավայր) զինծառայող Լյուքս Ստեփանյանի սպանության գործով դատավարությունը հերթական անգամ հետաձգվել է: Այս գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանի պաշտպան Վաղինակ Գևորգյանը Panorama.am-ին տեղեկացրեց, որ Իջևանի ճանապարհին իր վարած մեքենան խափանվել է, ինչի հետևանքով ինքը և մյուս պաշտպան Երեմ Սարգսյանը ստիպված են եղել վերադառնալ Երևան:
Նկատենք, որ նախորդ դատական նիստը նույնպես չէր կայացել` այդ անգամ մեղադրող դատախազի հարազատի մահվան պատճառով:
Միևնույն ժամանակ, «Առաջին լրատվական»-ի փոխանցմամբ, Իջևանի դատարանում լարված իրավիճակ է, և Լյուքս Ստեփանայնի հայրը մեղադրել է դատարանին` դատերը անհարկի հետաձգելու համար, դատավորից իրեն մտահոգող հարցերի պատասխանները չստանալով, փորձել է դատարանի պատուհանից ցած նետվել: Ըստ աղբյուրի, նրա ինքնասպանության փորձը ոստիկանները կանխել են:
Փաստաբան Գևորգյանը անտեղի է համարում մեղադրանքները, թե իրենք փորձում են անհարկի հետաձգել նիստը: «Ես որևէ խնդիր չունեմ դատերը հետաձգելու համար: Դեպք է, պատահել է, ինչպես կարելի է մեղադրել դատերը հետաձգելու համար: Նախորդ անգամ էլ դատախազի աներն էր մահացել, մենք ենք մեղավոր, որ հետաձգվել էր: Անտեղի են մեղադրանքները, որևէ միտում չկա, իմաստը ո՞րն է»,- մեզ հետ զրույցում փոխանցեց փաստաբանը:
Հիշեցնենք՝ ըստ նախաքննության տվյալների, 2013-ի մայիսի 15-ին զորամասի 1-ին պահակախմբի մուտքի դիտորդ, նույն զորամասի ԿՍ-19 ժամկետային զինծառայող, շարքային Դավիթ Խաչատրյանը վիճաբանության մեջ էր մտել պահակախմբում ընդգրկված ԿՍ-19 ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Լյուքս Ստեփանյանի հետ, որի ժամանակ շարքային Դ. Խաչատրյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակել է շարքային Լ. Ստեփանյանի ուղղությամբ: Արդյունքում վերջինս գլխի շրջանում ստացած հրազենային վնասվածքից տեղում մահացել էր, իսկ նույն ՀԴՆ-ի ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Սարգսյանը գլխի շրջանում ստացել էր հրազենային վնասվածք:
Խաչատրյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի միանգամից երկու հոդվածներով` ՀՀ քր. օր-ի 104 հոդ-ի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «սպանությունը՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով» և ՀՀ Քր. Օր.-ի 112 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով` «դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը»:
Նախորդող հրապարակումներ`
Հայտնի է Լյուքս Ստեփանյանի գործով նոր դատավորի անունը
Զինծառայող Լյուքս Ստեփանյանի մահվան գործով մեղադրյալ Դավիթ Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը