Երեխուն ծեծել են գազանաբար, նորակոչիկի մայրը մանրամասներ է պատմել
Լեռնային Ղարաբաղի զորամասերից մեկում դաժան ծեծի ենթարկված նորակոչիկ 18-ամյա Մհեր Խլղաթյանը, որը մի քանի օր է` գտնվում է Մուրացանի զինվորական հոսպիտալում, միայն երեկ կարողացել է շփվել, հայացքով որևէ բան հասկացնել հարազատներին: Այդ մասին Panorama.am-ին ասաց նորակոչիկ զինծառայողի մայրը` տիկին Գոհարը:
Մհերը, հիշեցնենք, դեկտեմբերի 18-ին զորակոչվել էր բանակ և հունվարի 25-ին պետք է կայանար նրա երդման արարողությունը: Սակայն հունվարի 13-ին ծայրահեղ ծանր վիճակում նա տեղափոխվել է Զինվորական հոսպիտալ և այժմ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում: Միայն նրա մորն ու եղբորն են թույլատրում այցելել նրան:
Տիկին Գոհարը մեզ հետ զրույցում նոր մանրամասներ փոխանցեց. «Երեխուն ծեծել են գազանաբար, դաժանաբար ու թողել են անտերության մեջ ու մի քանի օր էդ վիճակում: Սկզբում երեխու մոտ գրիպ է առաջացել, վեց-յոթ օր մնացել է բուժկետում, հետո ասել են դու համապատասխան բուժում ստացել ես, դու սիմուլյացիա ես անում, չես ուզում ծառայես, գնա ծառայության: Երեխեն ասել է վատ է զգում, նրա մոտ նոր սկսվող թոքաբորբ է եղել, էդ բժիշկ կոչվածները չեն հասկացել: Ու սկսել են ծեծել: Դրանից հետո տեսել են, որ երեխեն խելքի չի գալիս, վախեցել են և էդ զորամասի բժիշկ կոչվածը` Արման անունով, զանգեց մեզ ու ասաց, որ ձեր երեխան մեզ չի ենթարկվում, ձեր երեխու փսիխիկան նորմալ չի ու ներկայացրեց էնպես, որ իբր մեր երեխեն սիմուլյացիա է անում ու չի ուզում ծառայել»:
Նորակոչիկի մոր պատմելով, իրենք երկար համոզել են իրենց զանգող Արմանին, որպեսզի հեռախոսը փոխանցեն Մհերին և հասկանան` ինչ խնդիր կա: «Երկար համոզելուց հետո հեռախոսը փոխանցեցին: Զգում եմ, որ կողքից ստիպում են, որ խոսի, բայց նա չէր կարողանում խոսել, երեխեն չկար արդեն: Էդ երեխուն եթե մենք չգնայինք, էնտեղից չբերեինք, չգիտեմ՝ ինչ կլիներ: Անմիջապես եղբայրն ու նրա փեսան գնացել են զորամաս, տեսել են մի խայտառակ վիճակ էդ բուժկետում: Երեխես թաց, խոնավ, անգիտակից վիճակում պառկած: Գլխին եղել են հարվածի նշաներ, աչքին կապույտներ են գոյացել, քթի ու բերանի մոտ վերքեր կան, մարմնի վրա հետքեր կան, չենք հասկանում՝ ինչի հետքեր կարող են լինել», -հուզված ներկայացնում էր կինը:
Զորամասից Մհերին անմիջապես տեղափոխում են Վարդենիսի զինվորական հոսպիտալ, սակայն այստեղից էլ տեղափոխում են Երևան զինվորական հոսպիտալ: «Նրա մոտ երկկողմանի ուժեղ թոքաբորբ է սկսվել, գլուխը նկարեցին, պարզվեց, որ հեմատոմաներ են առաջացել գլխում, բայց փառք Աստծո, նրա ուղեղին վտանգ չի սպառնում: Մի խայտառակ բան են արել, որ թուրքը հային չէր անի: Երեկ երեխեն կանտակտի մեջ է մտել մեզ հետ: Մինչև էդ երեխեն չկար, հայացքը, աչքերը սառած, բերանը փակված: Մեկ օր ուշացնեինք, մեր երեխուն էլ չէինք տեսնի, իրանց խասյաթի համաձայն վերջում էլ կհայտարարեին, թե զինվորը ինքնասպան ա եղել», -փոխանցեց մայրը:
Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ քր. օր-ի 376 հոդ. 2-րդ (պաշտոնատար անձի անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ) և 358.1 հոդ. 2-րդ (զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ ստորադասի նկատմամբ բռնություն գործադրելը) մասերով հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է նախաքննություն:
ՊՆ քննչական ծառայությունը ճիշտ է պաշտոնապես չի հայտարարում, որ գործով ձերբակալվածներ կան, սակայն տիկին Գոհարը մեզ հետ զրույցում ասաց, որ բժիշկն ու երկու բուժակները արդեն ձերբակալվել են:
Պնախարար Սեյրան Օհանյանի մամլո խոսնակը տեղեկացրել էր, որ Օհանյանը հունվարի 13-ին այցելել է նույն զորամաս, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին, ապա ծառայողական քննություն նշանակել:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները