Կոտայքի ու Արմավիրի մարզպետները հրաժեշտ կտան պաշտոնին
«Չնայած ՀՀԿ-ական աղբյուրների պնդմամբ՝ կուսակցության առաջիկա օրակարգում մարզպետների փոփոխության հարց չկա, սակայն շրջանառվող լուրերի համաձայն՝ մարզպետների աթոռին հրաժեշտ կտան Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանն ու Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը»,-գրել է «Ժամանակ»-ը:
Իսկ «Հրապարակ»-ը թեմայի շուրջ գրել է. «Վերջերս բավական ակտիվացել են Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանին թոշակի ուղարկելու մասին խոսակցությունները: Բնակչության շրջանում նույնիսկ մարզպետացուների անուններ են շոշափվում, որոնք, ըստ տարածված լուրերի, իրենք են շրջանառում իրենց անունները: Ամենից հաճախ կարելի է լսել Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի անունը, որին դեռ նախընթաց տարի էին շտապում կարգել մարզպետի աթոռին:
…Մարզպետացուների շրջանառվող թեժ եռյակում Արմավիրի ՀՀԿ-ական քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է: Սկանդալային պատմություններով աչքի ընկնող ղեկավար, որի պաշտոնավարման տարիներն արմավիրցուն ոչինչ չտվեց:
Բայց քանի որ ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ, գործարար Ռուբեն Հայրապետյանի մերձավորն ու բարեկամն է, ծովը նրա համար էլ է ծնկներից: Ասել է թե, ի դեմս Նեմեց Ռուբոյի, իշխանական վերնախավում բարեխոս ունի: Պակաս ակտիվ չեն քննարկումները նաև երրորդ հավանական թեկնածուի` ՀՀ ԱԺ հանրապետական պատգամավոր Նահապետ Գևորգյանի` Նովոյի անվան շուրջ:… Թոշակի անցնելու մասին խոսակցությունները ակնհայտորեն դուր չեն գալիս մարզպետ Ղահրամանյանին:
Օրերս Ապարանում, Արմավիրի մարզի գյուղապետերի հետ կերուխումի ժամանակ 65-ամյա մարզպետն ասել է.«Թող չսպասեն այդ օրվան, մինչ 2027 թիվը ես եմ Արմավիրը ղեկավարելու»: