Հայաստանցի դիվանագետները շուտով Ճապոնիա կգնան առանց մուտքի արտոնագրի
Առաջիկայում ուժի մեջ կմտնի հայ-ճապոնական համաձայնագիրը «Դիվանագիտական անձնագրերով առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածքներ այցելելու մասին»: Հունվարի 15-ին Տոկիոյում Հայաստանի և Ճապոնիայի արտաքին գործերի գերատեսչությունների միջև անցկացված հերթական քաղաքական խորհրդակցությունների ժամանակ ընդգծվել է համաձայնագրի կարևորությունը` որպես քաղաքական երկխոսությանը նպաստող գործոն:
ԱԳՆ մամուլի ծառայության հաղորդմամբ, կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգում ընդգրկված մի շարք հարցեր, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացում, առևտրատնտեսական հարաբերություններում առաջընթաց գրանցելու համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծում, միջազգային կազմակերպություններում փոխգործակցություն, իրավապայմանագրային դաշտի ընդլայնում, մշակութային և կրթական ոլորտներում համագործակցության խորացում:
Երկուստեք կարևորվել է Հայաստանում Ճապոնիայի դեսպանություն բացելու ճապոնական կառավարության որոշումը, որը Ճապոնիայի խորհրդարանի կողմից հաստատվել է նախորդ տարվա դեկտեմբերի 24-ին:
Ըստ աղբյուրի, հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Սերգեյ Մանասարյանը, ճապոնական կողմից` Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ, Ճապոնիայի ԱԳՆ Եվրոպայի հարցերի բյուրոյի գլխավոր տնօրենի տեղակալ, դեսպան Նորիո Մարույաման:
Լրահոս
Տեսանյութեր
Չենք կարողանում տարբեր դաշտերով պայքարել Արցախի մշակութային ժառանգության պահպանման համար. Ղարախանյան