«Ռազմական բժիշկը կրկնակի երդում է տալիս և կրկնակի պատասխանատվություն կրում»
Ռազմական բժիշկները մեր զինվորների կողքին են եղել Արցախյան ազատամարտից սկսած, Զինված ուժերի կազմավորման բոլոր փուլերում, այսօր Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան այցելության ժամանակ ասաց ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
«Բժշկական համալսարանը յուրահատուկ կապ ունի հայկական բանակի հետ, քանի որ բանակին ապահովում է կարևորագույն մասնագիտություններից մեկի տեր մարդկանցով՝ բժիշկներով»,- ասաց նախարարը և շեշտեց, որ ռազմական բժիշկները շատ կարևոր դեր ունեն ոչ միայն զինվորների առողջության տեսանկյունից, այլև՝ բարոյահոգեբանական ճիշտ մթնոլորտ են ձևավորում և դրական ազդեցություն են ունենում միջանձնային հարաբերությունների հարցում:
Նախարարը նշեց, որ ռազմական բժիշկն այն մարդն է, ով կրկնակի երդում է տալիս, նախ՝ մասնագիտական, ապա՝ զինվորական. «Եվ այս մարդիկ միշտ կրկնակի պատասխանատվություն են կրում»:
Ռազմաբժշկական ֆակուլտետի դեկան, գնդապետ Սամվել Գալստյանն էլ նշեց, որ ֆակուլտետի գլխավոր նպատակն է պատրաստել զինվորական բժիշկներ, ովքեր կլինեն գաղափարապես կայուն, նվիրված հայրենիքին և պատրաստ անձնազոհության:
«Ֆակուլտետի վրա դրված է կրկնակի պատասխանատվություն, քանի որ պատրաստում ենք ոչ միայն լավ բժիշկներ, այլև՝ լավ զինվորականներ»,- ասաց նա:
Պաշտպանության նախարարի այցելության նպատակն էր նախարարության և բուհի ռազմաբժշկական ֆակուլտետի միջև համագործակցության ամրապնդումը: Հանդիպման ավարտին Պաշտպանության նախարարը պարգևատրվեց Երևանի Մ. Հերացու անվան բժշկական համալսարանի առաջին աստիճանի շքանշանով:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան