Ամերիկյան հիվանդանոցը 62 մլն դոլար կփոխհատուցի վերջույթները կորցրած կնոջը
Անհաջող գինեկոլոգիական վիրահատության հետևանքով ծնկներից ներքև վերջույթները կորցրած 33-ամյա ամերիկուհին որպես փոխհատուցում կստանա 62 մլն դոլար: Նման վճիռ է կայացրել Նյու-Յորքի դատարանը` հունվարի 10-ին: Այս մասին գրում է «Մեդպորտալ.ռու» կայքը:
2009թ-ի հոկտեմբերին կնոջը արտաարգանդային հղիության պատճառով ենթարկել են վիրահատության և դուրս գրել նույն օրը: Հաջորդ օրը կինը վերադարձել է հիվանդանոց որովայնի սուր ցավերի պատճառով: Ինչպես պարզվել է, վիրահատության ժամանակ բժիշկները անզգուշորեն պատռել են կնոջ աղիները, ինչը ինֆեկցիայի տարածման առիթ է դարձել: Արդյունքում էլ հանգեցրել երկու ոտքերի գանգրենայի: Ընդամենը երկու ամիս անց բժիշկները կտրել են կնոջ երկու վերջույթները` ծնկից ներքև, իսկ բացի այդ, կինը մասամբ կորցրել է լսողությունը:
Մեկ տարի անց աշխատունակությունը կորցրած և 13-ամյա դուստր դաստիարակող կինը դատական հայց է ներկայացրել Winthrop-University Hospital-ի երեք այն բժիշկների դեմ, որոնք մասնակցել են, մեղմ ասած, անհաջող վիրահատությանը:
Արդյունքում դատարանը վճռել է տուժածին տառապանքի ու ցավերի համար փոխհատուցել 58 մլն դոլար և ևս 4 մլն դոլար` վնասը փոխհատուցելու համար: Գումարի 40 տոկոսը պետք է վճարի հիվանդանոցը, իսկ մնացածը այն բժիշկները, որոնք ժամանակին չեն ախտորոշել աղիների խնդիրը և որոնք չեն անցկացրել հավելյալ հետազոտություններ, փոխարենը որովայնի սուր ցավերով կնոջը դուրս են գրել հիվանդանոցից: