Զարուհի Պետրոսյան. Մինչև շաբաթվա վերջ մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության
Հանրապետությունում այժմ իսկական ձմեռային եղանակ է հաստատվել` ցուրտ գիշերներով և տաք ցերեկներով: Սա լավ գիտենք բոլորս ու մամուլի ասուլիսի ժամանակ էլ կրկնեց ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Զարուհի Պետրոսյանը:
Հանրապետությունում առաջիկայում սպասվում է ջերմաստիճանի բարձրացում, տաք հոսանքներ կներթափանցեն մեր տարածք և աստիճանաբար ցուրտը կկոտրվի: Առաջիկա հինգ օրերին տեղումներ չեն սպասվում: «Մինչև շաբաթվա վերջ մայրաքաղաքում առաևելագույն ջերմաստիճանը կհասնի 3-5 աստիճան տաքության: Հունվարի 3-րդ տասնօրյակում կակտիվանա ցիկլոնների մուտքը, տեղումները կավելանան: Սպասվում է, որ ջերմաստիճանը նորմայից բարձր կգրանցվի»,- ասաց նա:
Դեկտեմբերին բավական ցուրտ եղանակ հաստատվեց հատկապես Արարատյան դաշտում, Վայոց ձորի հովտային շրջաններում և Մեղրիում: Երբ ցուրտ օդը հաստատվում է այս տարածքներում, շատ ուժեղ պրոցեսներ են պետք, որպեսզի փոփոխվի: Զարուհի Պետրոսյանն ասաց, որ նման իրավիճակ առաջանում է հիմնականում այն ժամանակ, երբ ձյան ծածկը հաստատվում է դեկտեմբերի սկզբից:
«Սպիտակ շերտը բացարձակ ճառագայթում ունի և արևից ստացած էներգիան 100 տոկոսով հետ է ուղարկում: Այսպես օր օրի ցրտեց: Դրան հաջորդեց մեկ այլ երևույթ, ներթափանցած տաք օդը բարձրացավ վերև և առաջացրեց մաղախուղ, ընդհանրապես ոչ ցերեկը, ոչ գիշերը արևային ճառագայթում չստացանք: Գիշերային և ցերեկային ջերմաստիճանային տարբերություն գրեթե գոյություն չուներ»,- ասաց նա:
Երկու օր առաջ հերթական տաք հոսանքների ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված հանրապետությունում առաջացավ քամու ուժգնացում և մթնոլորտի ուժեղ տեղաշարժ, ցուրտը կոտրվեց. «Հանրապետության մյուս շրջաններում այս ընթացքում բավական բարձր ջերմաստիճան էր գրանցվում` Հատկապես, Տավուշում, Լոռիում, Գեղարքունիքում և Սյունիքում: Երեք օր առաջ Իջևանում առավելագույն ջերմաստիճանը գրանցվեց 16 աստիճան տաքություն»:
Նշենք, որ այսպիսի ձմեռներ շատ չեն լինում, դրանք ամենահազվադեպ դիտվողներից են, երբ Արարատյան դաշտում միջին հաշվով 6 աստիճանով նորմայից ցածր է ջերմաստիճանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները