Սոցիալական ընդվզումը չի բացառվում. Գագիկ Մակարյան
Կոմունալ ծախսերի ավելացումը մարդկանց սոցիալական վիճակի վրա կունենա լուրջ բացասական ազդեցություն, և չի բացառվում, որ դա իր հերթին հանգեցնի սոցիալական ընդվզման: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը: Նշենք, որ շարքային քաղաքացիներն արդեն մի քանի օր է հայտնվել են ծանր դրության մեջ: Գազի և էլեկտրաէներգիայի սակագների բարձրացումով, ինչպես նաև դեկտեմբեր ամսվա ցրտի պատճառով մարդիկ կոմունալ ծախսերի համար հսկայական գումարներ են վճարում, շատերը նույնիսկ հայտնվել են շոկային վիճակում:
Գ.Մակարյանը նշեց, որ ինքը դեռ նախորդ տարի հայտարարել էր` գազի և էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման էֆեկտները մի քանի ամսից նկատելի կլինեն:
«Այսօր պարզ է դառնում, որ բոլորն էլ կոմունալների համար մեծ գումարներ են վճարում, այն հասնում է միջինը 200-300 դոլարի, ինչը հավասար է միջին աշխատավարձին, իսկ եթե ընտանիքում աշխատում է մեկ հոգի, ապա պատկերացնո՞ւմ եք, թե դա ինչ շոկ է ընտանիքի համար»,- ասաց նա:
Ըստ նրա` գների բարձրացմանը զուգահեռ այս տարի ունենք խստաշունչ ձմեռ, ինչը էլ ավելի ծանրաբեռնեց ծախսերը, քանի որ մարդիկ հարկադրված եղան նոմինալ ռեժիմից ավելի գազ և էլեկտրաէներգիա սպառել:
«Անձամբ ես դեկտեմբեր ամսին ծախսած գազի դիմաց վճարել եմ 112 հազար դրամ, իսկ էլեկտրաէներգիայի համար` 78 հազար դրամ: Ընդհանուր առմամբ` վճարել եմ մոտ 200 հազար դրամ, մինչդեռ նախորդ տարի վճարել եմ դրա կեսը: Հիմա սակագների բարձրացման և ցրտի պատճառով կրկնակի եմ վճարում: Հակառակի պես, մեր ժողովրդի բախտն այս տարի չբերեց, որ գոնե ձմեռը մեղմ լիներ: Սա նշանակում է, որ գրեթե 4 ամիս մարդիկ կոմունալների համար մեծ գումարներ են վճարելու»,- իր օրինակով կիսվեց Գ.Մակարյանը:
Նրա կարծիքով` սպասվում է, որ հունվարին կոմունալ ծախսերն ավելի մեծ կլինեն` կապված ամանորյա պատրաստությունների, ինչպես նաև գրեթե 10 օրյա հանգստի պատճառով: Մարդիկ տանը մնալով ավելի շատ գազ և էլէկտրաէներգիա են սպառել: Բացի այդ, դեռ պարզ չէ, թե փետրվարին ինչ եղանակ է սպասվում. «Այսինքն` մինչև գարուն այդ ծախսերը ահռելի են լինելու, ուստի մարդկանց մոտ ընդվզելու ցանկությունը կուժեղանա»:
Ըստ նրա` դժգոհություն անպայման կլինի, քանի որ այսօր տնտեսության վիճակն այնպիսին է, որ փոքր բիզնեսը նույնպես հայտնվել է վատ վիճակում, սպասվում է աշխատատեղերի կրճատում, իսկ դա կավելացնի լարվածությունը, մարդկանց մոտ կառաջացնի ագրեսիվ տրամադրություն, ուստի բողոքի ալիքը կմեծանա:
Գ.Մակարյանը այս բոլոր խնդիրները կապեց կառավարության վարած սխալ քաղաքականության հետ. «Չեմ կարծում, որ խնդիրների լուծման համար կառավարությունը ինչ-որ քայլեր կձեռնարկի: Կառավարությունն այսօր խճճվել է իր ռազմավարությունների մեջ: Հիմա մտածում է` ինչպես անի, որ այս իրավիճակից դուրս գա, քանի որ խնդիրներն առկա են բոլոր ոլորտներում, ամեն կողմից հարվածներ են գալիս և դրանք առաջիկա ամիսներին ավելանալու են: Սխալ բարեփոխումներն այսօր տալիս են իրենց արդյունքները: Առաջանալու է մի իրավիճակ` շուրջդ հրդեհ է ու չգիտես, թե որ կողմից հրդեհը մարես: Այդ վիճակում շուտով կհայտնվի մեր կառավարությունը: Սակայն հարց է առաջանում` արդյոք կառավարության ռեսուրսները և կարողությունները կբավարարեն հրդեհը հանգցնելու համար, թե՞ ոչ»:
Ըստ նրա` կառավարությունն այսօր փաստացի գտնվում է այն վիճակում, որ վարչապետն ու նախարարները կորցնում են իրավիճակը ճիշտ գնահատելու և ադեկվատ որոշումներ կայացնելու կարողությունները: «Խոստումներ կամ ինչ-որ բաներ ասել ու հետո ոչինչ չանելը հանգեցրել է նրան, որ կառավարությունը կորցրել է վստահությունը, իսկ մարդիկ արդեն համբերություն չունեն և ցանկություն չունեն հույս կապել այս կառավարության հետ»,- ասաց Գ.Մակարյանը` հավելելով, որ կառավարությունն այդպես էլ չկարողացավ ստեղծել վստահություն. ոչ բիզնեսն է կառավարությանը վստահում, ոչ սովորական քաղաքացին, ոչ էլ նույնիսկ իրեն շրջապատող մարդիկ:
«Եւ չեմ կարծում, որ այս կառավարությունն այդպես կարող է երկար գոյատևել»,- նշեց Գ.Մակարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում