«ՀայՌուսգազարդ»-ը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»
«Գազպրոմ» ընկերության գլխավոր գրասենյակում ստորագրվել է «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոս բաժնեմասը «Գազպրոմին» հանձնելու մասին պայմանագիրը: «Գազպրոմի» պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ պայմանագիրը նախօրեին ստորագրել են ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն ու «Գազպրոմ» ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը:
Արդյունքում, «Գազպրոմը» «ՀայՌուսգազարդում» իր բաժնեմասը հասցրեց 100 տոկոսի, իսկ ընկերությունը վերանվանվեց «Գազպրոմ Արմենիա»:
«Այս գործարքը լիովին համապատասխանում է Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմավարական համագործակցության ոգուն։ «Գազպրոմը» երկար տարիներ հաջողությամբ համագործակցել է հայ գործընկերների հետ։ Մենք իրականացրել ենք լայնամասշտաբ ծրագրեր տարբեր ոլորտներում: Իսկ ամենակարևորը՝ Հայաստանի համար սոցիալական կարևոր խնդիր է լուծվել՝ գազաֆիկացումը հասցվել է 96%-ի։
Համագործակցության հաջորդ կարևոր ուղղությունը գազամոտորային վառելիքն է: Հայաստանում այսօր գազալցակայանների թիվն ավելի շատ է, քան Ռուսաստանում։ Մենք հայ գործընկերներից շատ բան ունենք սովորելու։ «Գազպրոմը» միշտ եղել է և մնում է Հայաստանի հուսալի գործընկերը»,- ասել է Ալեքսեյ Միլլերը: