Արցախում հստակ գիտեն իրենց ակնկալիքները. Մեկնաբանություններ
ԵԱՀԿ նախագահող, Շվեյցարիայի ԱԳ նախարար Դիդիե Բուրքհալթերը Վիեննայում ընթացող ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում հայտարարել է, որ 2014-ին ԵԱՀԿ-ում Շվեյցարիայի նախագահությունը մեծ ջանքեր է գործադրելու ղարաբաղյան հակամարտության խաղաղ լուծման խնդրի ուղղությամբ:
«Շփման գծում կատարվող իրադարձությունները Շվեյցարիայի նախագահությանը շատ են մտահոգում, և իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպչիկը խստորեն հետևելու է այդ դեպքերին: Մենք լավ ենք հասկանում, որ խնդրի լուծման հարցում առաջընթաց հնարավոր չէ և կարգավորում իրական չէ, եթե կողմերը դրան հակված չեն: Այնուամենայնիվ, մենք խորապես համոզված ենք, որ պարզապես սպասելն ու տեսնելը տարբերակ չէ»:
Վերոնշյալի առնչությամբ, ԼՂՀ ՊԲ լրատվական ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը նշեց, որ չի կարող ասել` ինչ նկատի ունի ԵԱՀԿ նախագահողը, սակայն կարող է ներկայացնել այն, ինչ Արցախում են ակնկալում.
«Այս հարցում շոշափելի հաջողություն ունենալու ամենակարևոր քայլը կարող է լինել դիպուկահար խմբերի` առաջնագծից դուրս բերումը: Երկրորդ, միջնորդները պետք է զերծ մնան հակամարտող կողմերի միջև հավասարության նշան դնելուց: Այլապես տարօրինակ բան է ստացվում. նույնիսկ դիտորդների ներկայությամբ, Ադրբեջանի կողմից արձակված կրակահերթի դեպքում, վերջիններս իրենց հայտարարություններում ընդհանուր կոչեր են հնչեցնում»:
Ս. Հասրաթյանի խոսքերով, ՀՀ և ԼՂՀ պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները դրական էին արձագանքել, ավելի վաղ, միջնորդների արված առաջարկին` դուրս բերել դիպուկահարներին առաջնագծից, սակայն այդ առաջարկը, Ադրբեջանի ապակառուցողական մոտեցումների պատճառով կյանքի չկոչվեց:
Թեմայի առնչությամբ փորձագետ Էդգար Հովհաննիսյանը նշեց, որ ԵԱՀԿ նախագահողի հայտարարությունը դրական է գնահատում.
«Ողջունելի է, որ ԵԱՀԿ նախագահողը ևս կարծում է, որ սահմանային միջադեպերը բացասական ձևով են անդրադառնում ոչ միայն բանակցային գործընթացի, այլ տարածաշրջանային կայունության վրա: Ճիշտ է` այս ընթացքում միջնորդները ջանքեր գործադրել են`առկա սպառնալիքների կանխարգելման համար, սակայն դրանք դեռևս բավարար չեն: Ադրբեջանը մշտապես խախտում է պայմանավորվածությունը, իսկ միջազգային հանրության կողմից ադեկվատ քայլեր չեն իրականացվում»:
Է. Հովհաննիսյանը նշեց, որ ժամանակն է, որպեսզի միջազգային հանրությունը հայտարարությունների մակարդակից անցում կատարի սպառնալիքների չեզոքացման պրակտիկ հարթություն:
Հարցին, թե ինչ է ենթադրում պրակտիկ գործողությունների անցումը, վերջինս նշեց, որ միջազգային կառույցներն Ադրբեջանի կողմից սպառնալիք ստեղծող քայլերի դեպքում պետք է պատժամիջոցների դիմեն, տարբեր կառույցներում և կազմակերպություններում, թեկուզև ժամանակավորապես կասեցնեն կամ սառեցնեն այդ երկրի լիազորությունները:
Ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը կարծում է, որ շփման գծում իրավիճակի վերահսկելիության տեսանկյունից, կարևոր քայլ կլինի դիպուկահարների առաջին գծից դուրս բերումը` ենթադրելով, որ ԵԱՀԿ նախագահողը ենթատեքստում նաև դա նկատի ունի.
«Շփման գծում տեղի ունեցող ցանկացած միջադեպ պետք է մանրակրկիտ ուսումնասիրության ենթարկվի, որին պետք է հետևեն հստակ քայլեր: Հակառակ դեպքում մշտապես կունենանք այն, ինչ ունենք, այսինքն` դիտորդները կարձանագրեն խախտումներ, սակայն կհայտարարեն, որ պարզ չէ, թե որ կողմն է խախտել հրադադրի ռեժիմի կանոնները, իսկ վերջում ընդհանուր բնույթի հայտարարություն կտարածեն»:
Նրա խոսքերով, Հայաստանը հայտարարել է սահմանագծին ստեղծված իրավիճակի լարվածության լիցքաթափմանն ուղղված գործողությունների պատրաստակամության մասին, մնում է` Ադրբեջանը համաձայնվի խաղի նոր կանոններին:
ԵԱՀԿ գործող նախագահը խոսել է ղարաբաղյան հակամարտության լուծման ուղիների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում