Ա. Պողոսյան. Միայն գահավիժում եմ տեսնում, հեռանկար չկա
Գնաճի արդյունքում այսօր մեր հասարակությունը հայտնվել է անելանելի վիճակում: Կարելի է կոմպենսացնել գնաճը, սակայն պետք է լինի ցանկություն»,- ասուլիսում նման դիտարկում արեց «Սպառողների ազգային ասոցիացիա» ՀԿ-ի նախագահ Արմեն Պողոսյանը:
Նա նշեց, որ Հայաստանում պետք է արտադրվող էնեգիան օգտագործվի ռացիոնալ: Սպառողների պաշտպանի խոսքով, Հայաստանը էներգիայի առումով աշխարհում ամենաբարեհաջող երկիրն է, պետք է արտահանի էներգիա:
Ա. Պողոսյանի համոզմամբ, գնաճի դիմադրելու տարբերակ է նաև դիֆերանցված սակագները (գազ, էնեգիա, ջուր), օրինակ` հարուստները, դղյակներ, լոզավազաններ ունեցողներն ավելի բարձր սակագին վճարեն, քան անվճարունակները:
«Լավ բան չեմ տեսնում: Միայն գահավիժում եմ տեսնում: Հեռանկար չեմ տեսնում»,- ասաց նա:
Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանն էլ նշեց, որ Հայաստանում գնաճը պայմանավորված է արտաքին և ներքին գործոններով: Ըստ նրա, Հայաստանի հարևան երկրներում նույնպես նկատվում է գնաճ, ու այդ երկրներից ՀՀ-ն ներմուծելով ապրանքներ, ավտոմատ կերպով իր հետ բերում է գնաճ:
Նա նշեց, որ Հայաստանում գների նվազեցման քաղաքականություն իրականացնողը Կենտրոնական բանկն է, որը դա անում է դրամավարկային քաղաքականության, տոկոսադրույթները նվազեցնելու միջոցով: Տնտեսագետն ասաց, որ յուրաքանչյուր գնաճ նվազեցում է իրական ՀՆԱ-ն:
Ա. Պողոսյանն ասաց, որ բացի տավարի մսից, ամեն ինչի գինն աճել է: Առաջիկայում էլ, ըստ նրա, սպասվում է գնաճ: