ԱՄՆ-ում նորածին երեխային հաջողվել է բուժել ՄԻԱՎ-ից
Միացյալ Նահանգներում 2010թ-ին ՁԻԱՀ-ի վիրուսով ծնված մի երեխայի հաջողվել է բուժել այս հիվանդությունից՝ կյանքի շատ վաղ շրջանում դեղային ստանդարտ թերապիա կիրառելու միջոցով:
Здоровье.ru կայքը տեղեկացնում է, որ ՄԻԱՎ-ի դեմ պայքարի համար նախատեսված ստանդարտ դեղերի կիրառմամբ երեխան բուժում է սկսել ստանալ ծնվելուց հետո` արդեն 30 ժամ անց: 29 օր հետո արյան անալիզի արդյունքները ցույց են տվել, որ օրգանիզմում վիրուսն այլևս չկա: Սակայն դրանից հետո աղջիկը ավելի քան 18 ամիս շարունակել է բուժում ստանալ: Իսկ հետո, աղջկա մոր ցանկությամբ, բուժումը ընդհատվել է: Այդ ժամանակ հետազոտություն է կատարվել, արդյունքում` երեխայի մոտ ՄԻԱՎ չի հայտնաբերվել:
Ջոն Հոպկինսի անվան համալսարանի վարակաբան Դեբորա Փերսաուդը նշել է, որ այս դեպքը կարող է որպես օրինակ ծառայել, որ ՄԻԱՎ-ը նորածինների մոտ պոտենցիալ բուժելի է:
Գիտնականների հայտարարության համաձայն` այս դեպքը հետաքրքիր է նրանով, որ կիրառվել է ստանդարտ բուժում, սակայն երեխայի ծնվելուց անմիջապես հետո: Նրանց խոսքերով` համոզվելու համար, որ բուժման այս եղանակը նույն ազդեցությունը կունենա այլ երեխաների վրա, դեռևս անհրաժեշտ է անցկացնել մի շարք ստուգումներ: Ուսումնասիրության արդյունքներն այնուամենայնիվ կարող են փոխել ՄԻԱՎ վարակակիր մայրերից հիվանդությունը ձեռք բերելու բարձր վտանգի ենթարկվող նորածինների բուժման եղանակը:
Մինչև հիմա հայտնի է բուժման մեկ դեպք. Թիմոթի Բրաուն անունով մի ամերիկացի, որն ապրում է Գերմանիայում ու հայտնի է որպես բեռլինյան հիվանդ, ազատվել է ՄԻԱՎ վարակից այն բանից հետո, երբ 2007 թ. նրա ողնուղեղը փոխպատվաստվեց ՄԻԱՎ-ի հանդեպ գենետիկ կայունություն ունեցող դոնորից: Այժմ` փոխպատվաստումից մի քանի տարի անց, բժիշկները հիվանդի մոտ ՄԻԱՎ-ի ոչ մի ախտանշան չեն գտնում, չնայած, որ Թիմոթին հակավիրուսային դեղամիջոցներ չի ընդունում: