Արդյո՞ք Իրանը և Թուրքիան ԼՂ հակամարտության լուծման գործում կհամագործակցեն. Ադրբեջանում ԻԻՀ դեսպանի պատասխանը
«ԼՂ հակամարտության լուծված չլինելը վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը»,-այդ մասին Իրանի պաշտոնական «ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսեն Փաքայինը:
Իրանի դեսպանը ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը տված հարցազրոււյցում, այն հարցին, թե հնարավո՞ր է, որ ԼՂ հակամարտության լուծման գործում Իրանն ու Թուրքիան համագործակցեն, մասնավորապես պատասխանել է.
«Մենք կարծում ենք, որ տարածաշրջանային հնարավորություններն օգտագործելով ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով. տարածաշրջանի երկրների ներգրավվածությունն այս խնդրի լուծմանը դրական եմ գնահատում»:
Հավելենք, որ Մոհսեն Փաքայինը, օրերս «ԻՌՆԱ»-ին տված հարցազրույցում, անդրադառնալով ԼՂ հակամարտության հարցում պաշտոնական Թեհրանի ունեցած դիրքորոշմանը, մասնավորապես նշել է. «Իրանի դիրքորոշումն այն է, որ ԼՂ հակամարտության լուծված չլինելը ոչ միայն վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը, այլև արգելք է հանդիսանում խոշոր տնտեսական ծրագրերի իրականացմանը»: