Արմեն Աշոտյանը՝ Ռոբերտ Քոչարյանին. «Ես վաղուց երիտասարդ հանրապետական չեմ»
Aravot.am-ը այսօր ԿԳ նախարար, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանից մեկնաբանություն է խնդրել ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության վերաբերյալ, որտեղ մասնավորապես մեկնաբանվել էր նրա այն արտահայտությունը, թե Ռոբերտ Քոչարյանը վերջին անգամ երբ է այցելել Պանթեոն՝ Անդրանիկ Մարգարյանի շիրիմին:
«Պետական գործչի հիշատակի մասին քաղաքական գործիչների հոգածությունը պետք է առաջին հերթին դրսևորվի ոչ թե այցելություններով նրա շիրիմին, այլ իր քաղաքական ժառանգության հանդեպ հոգատար վերաբերմունքով: Ծավալված բանավեճի էությունն այն էր, որ առանձին պաշտոնյաներ, ձգտելով արդարացնել այսօրվա խնդիրները, փորձում էին վերագնահատել նախորդ իշխանության տնտեսական քաղաքականության արդյունքները: Խոսքը հիմնականում 2001-2007 թվականների մասին է: Նախագահ Քոչարյանը կարող էր պարզապես լուռ մնալ, հիմք ընդունելով այն, որ ըստ Սահմանադրության՝ տնտեսության պատասխանատուն կառավարությունն է: Բայց նա պաշտպանեց այդ ձեռքբերումները ոչ միայն և ոչ այնքան իր համար, այլ նաև այն թիմի համար, որը երկարամյա աշխատանքով կերտել է այդ ձեռքբերումները: Խոսքը վարչապետի, նախարարությունների, Երևանի և այլ քաղաքների քաղաքապետարանների, տասնյակ հազարավոր շինարարների մասին է, որոնք ոչ թե փուչիկ էին փչում, այլ բարեկարգում էին երկիրը: Այդ «փուչիկներից»՝ ճանապարհներից, կամուրջներից, թունելներից, բարեկարգված թատրոններից ու թանգարաններից, այսօր օգտվում են բոլորը, այդ թվում՝ մոռացկոտ պաշտոնյաները: Ցավոք, այդ ձեռքբերումներն այսօր պետք է պաշտպանել նաև այն երիտասարդ հանրապետականների ոտնձգություններից, որոնց կարիերան սկսվել է Անդրանիկ Մարգարյանի օրոք և նրա շնորհիվ»,-ասված էր Քոչարյանի գրասենյակի տարածած հայտարարության մեջ:
Արմեն Աշոտյանն ասել է, որ չի պատրաստվում մեկնաբանել այդ հայտարարությունը:
«Ես իմ գնահատականները այս առնչությամբ հնչեցրել եմ մի քանի օր առաջ կայացած ասուլիսին, այս ընթացքում չեն հնչել հակադարձումներ կամ լրացուցիչ փաստարկներ, որոնց կապակցությամբ կարիք եմ տեսնում եւս մեկ անգամ անդրադառնալ»:
Երիտասարդ ՀՀԿ-ականների մասին հայտարարության քոչարյանական գնահատականի մասին էլ Արմեն Աշոտյանն ասել է.
«Ես վաղուց երիտասարդ ՀՀԿ-ական չեմ, եթե 13 տարվա կուսակցական փորձը եւ 39 տարվա անձնագրային տարիք ունեցող մարդը համարվում է երիտասարդ կուսակցական, ուրեմն ես գտել եմ հավերժ երիտասարդության գաղտնիքը»:
Լրահոս
Տեսանյութեր
Կառավարության համար ՀՀ ո՞ր քաղաքացիներն են համարվելու իրական Հայաստանի քաղաքացիներ. Ռուստամյան