Թուրք հոդվածագիր. «Հրանտ Դինքի առաջ մեր վիզը ծուռ է»
Լրանում է Ստամբուլում հրատարակվող երկլեզու «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության 7-րդ տարին:
Թուրքական «Ռադիքալ» թերթի անվանի սյունակագիր Օրալ Չալըշլարը Դինքի սպանությանը հաջորդած ժամանակաշրջանի մասին գրում է.
«Անցել է արդեն 7 տարի, մեր սրտերը վիրավոր են, մեր ձեռքերը` դատարկ: Հրանտի առաջ մեր վիզը ծուռ է»:
Հոդվածագիրը նշում է, որ Հրանտ Դինքի սիրած «Սարը գելին» (Նորահարս) ժողովրդական երգի միջոցով են միայն կարողանում արտահայտել իրենց կսկիծը, ցավը: Չալըշլարը դժգոհություն է հայտնել թուրքական դատարանից ու արդարադատություն կոչվածից, որ այս 7 տարիների ընթացքում ամբողջովին չբացահայտեցին Դինքի սպանության հետևում կանգնած ուժերին:
«Դինքի սպանության համար պատասխանատվություն կրող մարդկանց ի հայտ բերելու մեր բոլոր ջանքերը զրոյացվում էին դատարանների միջանցքներում»:
Հեղինակը, հիշեցնելով հայ և թուրք հասարակությունների հաշտության մասին Դինքի ունեցած երազանքը, գրում է.
«Մոտենում է 2015-ը: Տեղահանության, ցեղասպանության 100-րդ տարին է լրանում: Աշխարհի մեծ մասը միակարծիք է, որ տեղի ունեցածը ցեղասպանություն էր: Իսկ Թուրքիան ներքին ճգնաժամ է ապրում»:
Չալըշլարը նշում է, թե հետմահու որքան կերջանկանար Դինքը, եթե Թուրքիան տեր կանգներ 1915-ին, ներողություն խնդրեր 1915-ին կոտորված հայերից ու նրանց զավակներից: Հոդվածագիրը կոչ է անում, որ 2015-ի ապրիլի 24-ին Թուրքիայի խորհրդարանը 1915-ին սպանված օսմանյան խորհրդարանի 7 հայ պատգամավորների հիշատակը հարգող ակցիա իրականացնի:
Չալըշլարը ուշադրություն է հրավիրում նաև այն փաստի վրա, որ Փարիզում, օրինակ, կա Կոմիտասի արձանը, մինչդեռ Անատոլիայում (Արևմտյան Հայաստան,- խմբ.), որտեղ մեծ երգահանը հսկայական գործունեություն է ծավալել, չկա Կոմիտասի կիսանդրին անգամ:
«Չմոռանանք` Դինքի մեծագույն երազանքն այն էր, որ Թուրքիան հաշվի նստի 1915-ի ցեղասպանության հետ: Ուզում եմ դա հիշեցնել մեր սրտերից փուշը հանելու համար»,- եզրափակում է հոդվածի հեղինակը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան