Գյումրիի հանրակացարանի հիվանդ բնակիչները հրաժարվել են հոսպիտալացումից
Գյումրիի հանրակացարանում պիոդերմիա ախտորոշմամբ հիվանդ կինն ու երեխաները հրաժարվել են հոսպիտալացումից, բուժումն իրականացվում է տանը: Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցապ վարչության պետ Հովհաննես Հովհաննիսյանը Panorama.am-ին հայտնեց, որ հիվանդներն արդեն բուժման կարիք չունեին:
«Հաշվի առնելով խնդրի հնչեղությունը, մենք ուզում էինք հոսպիտալացնել, իրենք էլ հրաժարվել են»,-ասաց Հովհաննիսյանը, ավելացնելով, որ հիվանդների այս ցանկության պատճառներն իրեն հայտնի չեն:
Վարչության պետի խոսքով, հիվանդներն արդեն դիմել էին բժշկի, ինչի հետևանքով արդեն 60 տոկոսով բուժված էին, այնպես որ տանը բուժվելու մեծ նա խնդիր չի տեսնում:
«Այդ հիվանդությունը ոչ թե ստացիոնար, այլ ամբուլատոր բուժման ենթակա է»,-ասաց Հովհաննիսյանը, նկատելով, որ բուժումն ընթանում է նորմալ:
Շիրակի մարզպատարանի հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ հայտնեցին, որ Շիրակի մարզպետի հրահանգով լինի ամենօրյա ախտաբանում ու մաշկաբանի վերահսկողություն՝ մինչև այդ հիվանդությունը վերանա:
Ըստ մարզպետարանի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, «Հիվանդ երեխաներից երկուսը ունեն հենաշարժական համակարգի խնդիրներ: Ընտանիքը արդեն մի քանի տարի է Շիրակի մարզպետարանի համապատասխան բաժնի ուշադրության ներքո է որպես սոցիալապես անապահով ընտանիք: Շիրակի մարզպետի կողմից տրամադրվել է ֆինանսական աջակցություն, իսկ ընտանիքի հոր կալանավորվելուց հետո ընտանիքին ցուցաբերվել է նաև իրավաբանական և հոգեբանական աջակցություն: Ընտանիքը կշարունակի մնալ Շիրակի մարզպետի ուշադրության ներքո և ամեն ինչ կարվի վերջիններիս հոգսերը թեթևացնելու նպատակով»:
Հիվանդության մասին առողջապահության նախարարությունից ավելի վաղ հայտնել էին, պիոդերմիան (մաշկի թարախաբշտիկային հիվանդություններ) մաշկային հիվանդությունների խումբ է, որոնց հարուցիչները ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկերն են: Հատկապես վտանգավոր են երեխաների մաշկի թարախաբշտիկային հիվանդությունները, որոնց մաշկը և ամբողջ օրգանիզմը զգայուն են ստաֆիլոկոկերի և ստրեպտոկոկերի նկատմամբ: Առողջ մարդկանց մաշկային ծածկույթների վրա գրեթե միշտ կարելի է հայտնաբերել ստաֆիլոկոկերը և ստրեպտոկոկեր: Որոշակի պայմաններում դրանք դառնում են ախտածին` առաջացնելով թարախաբշտիկային հիվանդություններ:
Մաշկի թարախաբշտիկային հիվանդությունների առաջացմանը կարող են նպաստել մի շարք գործոններ, օրինակ` ժամանակին չմշակված քերծվածքները, կտրած վերքերը, մաշկի մշտական կեղտոտումը, օրգանիզմի գերսառեցումը և գերտաքացումը, վիտամինների անբավարարությունը, նյութափոխանակության խանգարումները, հյուծող քրոնիական հիվանդությունները, անձնական հիգիենայի կանոնների խախտումը և այլն: Այս հիվանդությունների խումբը չի կարող ունենալ զանգվածային տարածում և վարակը կարող է առաջանալ վերոհիշյալ գործոնների առկայության պայմաններում:
Նախորդող հրապարակում`
Գյումրիում մոր և 11 երեխաների մոտ ախտորոշվել է պիոդերմիա