«Արագիլ»-ը մարտին կհայտարարի, թե որ բժշկական կենտրոնների հետ է շարունակելու համագործակցությունը
Հայաստանում 18-44 տարեկան ամեն 6-րդ զույգը տառապում է անպտղությամբ: Լրագրողների հետ հանդիպմանն այսօր նման տվյալ է հրապարկել Վերարտադրողական առողջության հայկական ասոցիացիայի նախագահ Էդուարդ Համբարձումյանը:
Հաշվի առնելով այս խնդիրը, բանախոսը հայ հասարակության համար նախորդ տարվա կարևոր ձեռքբերումներից է համարում «Արագիլ» հիմնադրամի գործունեությունը:
Գները շատ թանկ են: Ստեղծվել էր դիսբալանս առաջարկի ու պահանջարկի միջև: Հազարավոր հայ զույգեր կան, որոնք անպտղությամբ են տառապում, ունենք լավ կենտրոններ, բայց զույգերը հնարավորություն չունեին ստանալ օգնություն: Այստեղ էր, որ օգնության եկավ «Արագիլ» հիմնադրամը»,-ասաց Է. Համբարձումյանը` ավելացնելով, որ հիմնադրամը սկսեց լուրջ գործունեություն ծավալել, երբ աջակցության ձեռք մեկնեց երկրի առաջին տիկինը:
«Արագիլ» հիմնադրամի բժշկական փորձագետ, պրոֆեսոր Կարինե Թոխունցը ներկայացրեց, որ այսօրվա դրությամբ նման խնդիր ունեցող սոցիալապես անպահով, ամսական 200 հազար դրամի եկամուտը չգերազանցող 300 զույգ է դիմել հիմնադրամի օգնությանը:
«Նրանք անցել են բոլոր փորձաքննությունները: 300-ից 100-ն ուղարկվել են տարբեր կենտրոններ, որտեղ կատարվում են արտամարմնային բեղմնավորում կամ ներարգանդային սերմնավորում»,-ասաց Թոխունցը:
«Աշխատել այն կենտրոնների հետ, որոնք կլինեն ամենաարդյունավետը: Դա բարձրացնում է բժիշկների պատասխանատվությունը»:
Կ. Թոխունցի խոսքով, առաջին արդյունքները կարելի է ամփոփել մարտին. «Այդ ժամանակ մենք կհրապարակենք այն կենտրոնների անունները, որոնց հետ հիմնադրամը կշարունակի աշխատել»:
Հիմնադրամի փորձագետն ասաց, որ այս պահին կատարված բեղմնավորումների ու սերմնավորումների արդյունքում միջազգայինից բարձր ցուցանիշներ են գրանցվում: Մոր և մանկան առողջության գիտահետոզտական կենտրոնում ծնվել է առաջին եռյակը, կան հղիություններ:
Հիշեցնենք, որ «ԱՐԱԳԻԼ» վերարտադրողական բժշկության աջակցության հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպություն է, որը հիմնադրվել է 2011թ-ին: Հիմնադրամի նպատակն է աջակցել Հայաստանի ժողովրդագրական խնդիրների լուծմանը և վերարտադրողական բժշկության կազմակերպումը: Հիմնադրամը գործում է Հայաստանի Հանրապետության Նախագահի տիկնոջ՝ Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո:
«Հորդորում եմ աշխարհասփյուռ հայության բոլոր ներկայացուցիչներին և բարի կամքի բոլոր մարդկանց միավորել իրենց ջանքերը, որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին: Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մենք պետք է վճռական կրկնենք Պարույր Սևակի խոսքերը՝ կա՛նք, պիտի՛ լինենք ու դեռ շատանա՛նք: Մենք դա պիտի անենք ոչ միայն խոսքով, այլև հստակ գործով»,-նման ազգային համախմբման կոչով հանդես էր առաջին տիկինը:
Նախորդող հրապարակումներ`
Անպտղության դեպքում օժանդակ տեխնոլոգիաների կիրառումը սոցխոցելի խմբերի զույգերին կերաշխավորվի պետության կողմից
«Որպեսզի հնարավոր լինի երեխա ունենալու բախտ պարգևել խնդիրներ ունեցող հայ ընտանիքներին». Ռիտա Սարգսյանը հանդես է եկել կոչով
Որպեսզի բոլոր ընտանիքներում մանկան ճիչ լսվի… «Արագիլը» կօգնի անպտղությամբ տառապող զույգերին