Վարդան Պետրոսյանի ցուցմունք չտալու տակտիկան անարդար է. Տուժող կողմի ներկայացուցիչ
Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ Երևան-Եղվարդ ճանապարհին տեղի ունեցած վթարի գործով նախաքննությունը շուտով կմտնի ավարտական փուլ և առաջիկայում գործի նյութերը կներկայացվեն կողմերին ծանոթանալու համար: Մինչ այդ` տուժող կողմը վստահ է, թե «նախաքննությամբ Վարդան Պետրոսյանի մեղքն ապացուցված է և դատաքննությունն էլ դա կապացուցի»:
Նախաքննության ընթացքում տուժող կողմի համար անհասկանալի է մնացել՝ ինչո՞ւ Վարդան Պետրոսյանը այդպես էլ ցուցմունք չտվեց, «թեպետ նրա առողջական վիճակը ներում էր ցուցմունք տալու համար»: Այս գործով տուժողների իրավահաջորդների և մյուս տուժողների ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը պատահական չի համարում Վարդան Պետրոսյանի՝ ցուցմունք չտալու տակտիկան:
«Այսօր որևէ խոչընդոտ չեմ տեսնում Վարդան Պետրոսյանի ցուցմունք տալու համար: Սակայն պաշտպանական կողմը այլ տակտիկա է ընտրել՝ նրանք կծանոթանան ողջ նյութերին և միայն այդ ժամանակ Պետրոսյանը կփորձի իր համար բարենպաստ ցուցմունք տալ արդեն դատարանում, քանի որ իրեն արդեն հայտնի կլինի գործում առկա բազմաթիվ հանգամանքներ: Եթե հիմա ցուցմունք տա, ապա Վարդան Պետրոսյանը կարող է տվյալներ հայտնել, որոնք կհակասեն քրեական գործով ձեռք բերված ապացույցներին: Այսինքն պաշտպանական կողմի տակտիկան է սա, որ ճիշտ ցուցմունք տա, անթերի, որը հետագայում դատարանում կմատուցվի որպես իրականություն: Եթե մինչև գործի նյութերը տրամադրելը Վարդան Պետրոսյանը ցուցմունք չտվեց, գործի նյութերը ստանալուց հետո կորոշեն՝ ինչպես ցուցմունք տալ, որ ճիշտ պաշտպանվեն: Ես գտնում եմ, որ այդ ցուցմունքները արժանահավատ չեն կարող լինել: Անարդար տակտիկա է», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը վստահ է՝ ուշ, թե շուտ Վարդան Պետրոսյանը ընդունելու է իր մեղքը. «եթե հիմա չընդունեց, ապա դատաքննության ժամանակ կընդունի»:
«Տուժող կողմի վիշտը թեթևացնելու առումով ավելի ճիշտ կլիներ հիմա ընդուներ մեղքը և ոչ թե դատաքննության փուլում՝ ապացույցների ճնշման ներքո: Սրա մեջ կա բարոյական կողմ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է նախաքննության ընթացքում վարույթն իրականացնող մարմնի կողմից կատարված անօրինականություններին, որոնց մասին բազմիցս բարձրաձայնում էր պաշտպանական կողմը, ապա, Ռուբեն Բալոյանի խոսքով` ապօրինություններ չեն եղել:
«Այս թեման պետք չէ մեկ այլ հարթություն տեղափոխել, քաղաքականացնել, ի վերջո Վարդան Պետրոսյանը կատարել է հանցագործություն, որի համար պատիժ է նախատեսվում՝ 4-10 տարի ազատազրկում: Նման բնույթի հանցագործություն կատարած անձանց գրեթե 99 տոկոսը գտնվում է կալանքի տակ: Չեմ ուզում որևէ առավելություն տրվի այդ անձանցից որևէ մեկին, կապ չունի՝ նա հանրության կողմից սիրվա՞ծ է, թե՞ ոչ», -նշեց Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանի միջնորդությամբ կատարված դատահետքաբանական փորձաքննության արդյունքները, ըստ Բալոյանի, ցույց են տվել, որ «Նիվա» մակնիշի մեքենայի կողային հայելիները եղել են և հիմնավորված է, որ դռները սեղմելու արդյունքում դրանք դուրս են եկել իրենց բնիկներից:
«Այս վթարը մեքենան չտիրապետելու արդյունք է եղել: Վարդան Պետրոսյանը վթարի պահին ինչ-որ բանով զբաղված է եղել, «Նիվան» նրա համար խոչընդոտ չի հանդիսացել: Նա ճանապարհի բանուկ մասից դուրս է եկել և հողածածկ գոտում բախվել է «Նիվայի» հետնամասին», -ներկայացրեց փաստաբանը:
Անդրադառնալով պաշտպանական կողմի այն հայտարարություններին, որ վթարի մոդելավորված 3D տարբերակը ներկայացվել է տուժող կողմին, Ռուբեն Բալոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ նման բան չկա, և կողմի այդ հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում: «Ոչ մի 3D տարբերակ չի ներկայացվել տուժող կողմին: Ինձ համար պարզ է՝ այդ տարբերակը ուղղակի չի ստացվում»,- հավելեց մեր զրուցակիցը:
Panorama.am-ը զրուցել էր նաև «Նիվա» մակնիշի վարորդ, տուժող Արթուր Հակոբյանի հետ, որը վստահեցրել էր, որ հաշտեցում չի լինի, մինչև Վարդան Պետրոսյանը չընդունի իր մեղքը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում