«ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐԸ» նախ` Գոթենբորգի կինոփառատոնում, այնուհետև՝ Հայաստանում (տեսանյութ)
«Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության իրականացրած «ՌՈՄԱՆՏԻԿԱՆԵՐԸ» նոր գեղարվեստական ֆիլմի համաշախարհային պրեմիերան կկայանա հունվարի 26-ին Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում (Շվեդիա)։
Սա երիտասարդ ռեժիսորներ Արեգ Ազատյանի ու Շողիկ Թադևոսյանի առաջին համատեղ աշխատանքն է։ Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արեգ Ազատյանը:
Ֆիլմը նկարահանվել է Արեգ Ազատյանի համանուն վիպակի հիման վրա.
«Ֆիլմը հիմնված է իրական դեպքերի վրա, իհարկե, որոշակի փոփոխությունների ենթարկված: Ցանկություն ունեինք նկարահանել ֆիլմ, որը կպատմի այսօրվա երիտասարդության մասին, մեր օրերում ապրող այն տղաների մասին, ովքեր ծնվել են Հայաստանում, տեսել են մութ ու ցուրտ տարիներ, հերթեր, ինչն, անկասկած, չէր կարող չազդել նրանց ապագայի վրա: Գաղափարներից մեկն այն է, որ ցույց տանք մեր օրերում ապրող իրական երիտասարդությանը, իսկական տղերքին, ովքեր կարող են լինել առանց կոմպլեքսների, ազատ, ազատամիտ»:
Պատմությունը երիտասարդ դերասանի մասին է, ով պատրաստվում է մեկնել ԱՄՆ և իր մտերիմ ընկերների հետ հրաժեշտի խնջույք է կազմակերպում, սակայն չնախատեսված և անհեթհեթ դեպքերի շղթան բերում է ողբերգության։
Ա. Ազատյանն ասաց, որ ֆիլմը 16-ից բարձր հանդիսատեսի համար է, քանի որ կա ազատ խոսք, հայհոյանք. «Ամեն ինչ բնական է արված»:
Գլխավոր դերերը մարմնավորել են ճանաչված դերասաններր Նարեկ Ներսիսյանն ու Նարեկ Քթոյանը, ինչպես նաև՝ Կարեն Խոսրովյանը, Դեվիդ Ֆրանցրեբը, Ռոբերտ Դանելյանը, Հակոբ Մանուկյանը, Արթուր Ղալումյանը և Րաֆֆի Էլլիոթը։
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ֆիլմն առաջին անգամ ցուցադրվելու հենց Գոթենբորգի միջազգային կինոփառատոնում, ռեժիսորն ասաց.
«Երբ ֆիլմ է նկարահանում անկախ կինոստուդիան, շեշտը դնում է միջազգային շուկայի վրա, այդ իսկ պատճառով էլ սովորաբար ձգտում են ներկայացնել միջազգային փառատոներում: Կարևորում ենք ամեն ինչ, թե ինչը օգուտ կբերի ֆիլմի համաշխարհային վաճառքի, տարածման համար: Բացի այդ, մենք համագործակցել ենք Գոթենբորգի կինոհիմնադրամի հետ»:
Գոթենբորգի միջազգային կինոփառատոնն անցկացվում է 37-րդ անգամ, այն համարվում է Եվրոպայի խոշորագույն կինոփառատոներից մեկը, որի շրջանակներում ցուցադրվում են աշխարհի ամենահեղինակավոր ռեժիսորների շուրջ 500 ֆիլմեր։
«ՌՈՄԱՆՏԻԿՆԵՐՆ» իրականացվել է «Այսօր-Պլյուս» ֆիլմարտադրության, Հայաստանի Ազգային կինոկենտրոնի, Գոթենբորգի կինոհիմնադրամի, Արևելաեվրոպական կինոալիանսի, ԷԱՎԻ-ի և այլ ընկերությունների աջակցությամբ։
Միջազգային ցուցադրություններից բացի ֆիլմն առաջիկայում կցուցադրվի նաև Երևանում՝ կինոթատրոններում։ Ըստ Ա. Ազատյանի, նախատեսվում է, որ ֆիլմի հայաստանյան պրեմիերան կլինի գարնանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները