Ասադ. Ընտրություններում իմ թեկնածությունն առաջադրելու շանսերը մեծ են
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Franc Presse գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է, որ «մեծ» շանսեր ունի այս տարի հունիսին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար, չնայած, որ ընդդիմությունը պահանջում է իր հրաժարականը:
«Ես պատճառ չեմ տեսնում, թե ինչու չպետք է առաջադրվեմ: Եթե հանրությունը ցանկանա և հասարակական կարծիքը հօգուտ իմ թեկնածության լինի, ես չեմ երկմտելու երկրորդ անգամ առաջադրվելու հարցի շուրջ: Կարճ ասած` իմ թեկնածության շանսերը մեծ են»,-ասել է Սիրիայի նախագահը` կոչ անելով պայքարել ահաբեկչության դեմ:
«Հակամարտությունը մանրանում է, թեև մեր ուժերը հաջողություններ են գրանցում: Կարող ենք ասել, որ մեր ուժերն առաջ են շարժվում: Դա չի նշանակում, որ հաղթանակը մոտ է, այսպիսի մարտերը բարդ են, դժվար և շատ ժամանակ են պահանջում: Եթե Սիրիան պարտվի այս պայքարում, կնշանակի, որ քաոսը կտարածվի ողջ Մերձավոր Արևելքում»,-ավելացրել է Ասադը:
Նա նաև անդրադարձ է կատարել հունվարի 22-ին նախատեսված «Ժնև-2» խաղաղության համաժողովին` նշելով, որ այն իր ջենքերը պետք է կենտրոնացնի «ահաբեկչության դեմ պատերազմին»:
«Ժնևի համաժողովը պետք է Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարի հստակ արդյունքներ տա: Դա կլինի ամենակարևոր որոշումը կամ արդյունքը, որը կարող է ընդունվել համաժողովի ժամանակ: Ցանկացած քաղաքական որոշում առանց ահաբեկչության դեմ պայքարի արժեք չունի»,-եզրափակել է Սիրիայի նախագահը: