39 տարի ու 39 զոհ`Թուրքիայի թիվ մեկ ֆոբիա ԱՍԱԼԱ-ի կազմավորման օրն է
Թուրքիայի համար մեկ ֆոբիաներից մեկի` ԱՍԱԼԱ-ի կազմավորման օրն է: 39 տարի ու 39 զոհ` Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ:
39 տարի է անցել այն օրից, ինչ Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակն իրականացրեց Հայոց Ցեղասպանության համար թուրքերից պատասխանատվություն պահանջելու իր առաջին գործողությունը` Համաշխարհային եկեղեցիների խորհրդի գրասենյակի դեմ, որը կազմակերպում էր հայերի գաղթը Միջին Արևելքից դեպի ԱՄՆ։
Ավելի քան 200 գործողություն, 42 սպանված թուրք դիվանագետ… 39 զոհ:
Այսօր Եռաբյուր պանթեոնում ԱՍԱԼԱ-ի մարտիկների հիշատակը հարգեցին նրանց ընկերները: Մայր Աթոռի միաբան, արքեպիսկոպոս Ոսկան Սրբազանը մատուցեց հոգեհանգստյան կարգ:
Վազգեն Սիսլյան. Եթե մի օր ԱՍԱԼԱ-ն վերականգնվի, շատ ավելի մարտիկներ կունենա, քան մեր ժամանակ
Մեզ համար պայքարի շարունակությունն է այսօրվա հիմնական խորհուրդը, ասում է ԱՍԱԼԱ-ի վետերան Վազգեն Սիսլյանը:
«Այսօր գաղտնի բանակի 39 ամյակն է, այստեղ 39 շիրմաքարեր կան: Թուրքերը, որոշ օտարներ, նաև հայեր գաղտնի բանակը տեռորիստական կազմակերպություն են անվանում, դա ինձ ընդհանրապես չի հուզում, չի հետաքրքրում: Այդ գաղափարը մենք, մեր նահատակ ընկերները կարողացել ենք տալ հայ երիտասարդներին: Լինեն Սփյուռքում, թե Հայաստանում, որ ասում են պայքար, պատկերացնում են ԱՍԱԼԱ»,- ասաց վետերանը:
ԱՍԱԼԱ-ի զինվորը հույս ունի, որ եթե մի օր գաղտնի բանակը վերականգնվի, շատ ավելի մարտիկներ կունենա, քան իրենց ժամանակ էր:
ԱՍԱԼԱ-ն այսօր էլ շարունակում է մնալ Թուրքիայի ամենամեծ ֆոբիան. «Գաղտնի բանակի այսօրվա լինել-չլինելը չի հարցը, Թուրքիան 10 տարուց ավելի է արդեն գիտե, որ չի գործում, բայց չի կարողանում «կուլ տալ», կոկորդին կանգնած է ԱՍԱԼԱ միտքը»:
Մարտիրոս Ժամկոչյան. Պետք եղած ժամանակ նույն հարվածը կարող ենք տալ
ԱՍԱԼԱ-ն երբեք չի հրաժարվի իր գաղափարներից և սկզբունքներց, քանի դեռ կա հայ դատի հարցը, ասում է գաղտնի բանակի վետերան Մարտիրոս Ժամկոչյանը: «Քանի դեռ կա հայկական հարցը, ԱՍԱԼԱ-ն լինելու է: Մենք այսօր չենք ակտիվացրել, բայց աշխատում ենք: Եթե թշնամին մեզնից վախենում է, տեղին է, պետք եղած ժամանակ նույն հարվածը կարող ենք տալ»,- նշեց նա:
Մարտիրոս Ժամկոչյանը նշեց, որ հիմա իրենք Հայաստանում են և ձգտում են երկիրը հզորացնել.«Մեր աշխատանքներն էլի տանում ենք, դեռ չփակված հարցեր ու հաշիվներ կան: Մենք աշխատում ենք գաղափարախոսությունը տարածելու և ներկա սերունդի դաստիարակության վրա: Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի գաղափարախությունն այսօր հայկական բանակն է կրում և մեր պայքարի շարունակությունն է»:
Մարտիրոս Ժամկոչյանը հավատում է նոր սերունդին ու կարծում է, որ Թուրքիան նրանից վախենում է:
Ոսկան Սրբազան. Ապրիլի 24-ն ԱՍԱԼԱ-ն դարձրեց պահանջատիրության օր
Եռաբլուրի 39 շիրիմները, որոնց տակ մարդկանց մարմիններ չկան, ազգի համար երանելիներ են: ԱՍԱԼԱ-ի մարտիկներին այսպես է բնութագրում Մայր Աթոռի միաբան, արքեպիսկոպոս Ոսկան Սրբազանը:
«Այն չարիքը, որ հայ ժողովրդի գլխին եկավ Սուլթան Համիդից մինչև այսօրվա թուրքական իշխանությունները… ես ասում եմ մինչև այսօրվա իշխանություններ, որովհետև այնքան ժամանակ, որ չեն ճանաչում, չեն ընդունում իրականությունը, չեն հատուցում, ուրեմն մեղսակից են հայ ժողովրդի ցեղասպանությունը կազմակերպողներին: Ապրիլի 24-ը մեզ համար սուգի օր էր, Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը դրան նոր իմաստ տվեց, նրա միջոցով այն դարձավ պահանջատիրության օր: ԱՍԱԼԱ-ն գաղափարախոսություն է, ավելի այժմեական հայ ժողովրդի համար… 1915-ից մինչ այսօր հայ մարդու գերագույն գաղափարախոսությունտը պետք է լինի ազատագրումն ու հայ ժողովրդի իրավունքի տիրացումը:
Արդյո՞ք այդքան վախկոտ ենք, որ չենք կարող մեր արդար իրավունքը պաշտպանել: Ավելի նվիրական գործ չկա, եթե պետք է խաչով, եթե պետք է սուրբ գրքով, թրով, հրով պայքարել հասնելու համար այն իրականության , որ աշխարհը, թուրքական իշխանությունները ճանաչեն և հատուցեն: Այստեղ կանգնել ենք, դժբախտաբար Արարատը չի երևում, Մասիսը տեսնելով մեր հոգում լաց ենք լինում, ինչքան ժամանակ հայ ժողովրդի կերպը, խորհուրդը` Մասիսը, կարող է մնալ գերեվարված: Այս գաղփարները բերեց ԱՍԱԼԱ-ն, ցույց տվեց խոսքով և գործով: Այս շիրմաքարերի անուններն այն երանելիներն են, որ պիտի մնան պատմության մեջ»,- ասաց Սրբազանը:
Նա շեշտեց, որ հայ ժողովուրրդն այսօր էլ իր դատի պաշտպանության համար չի վախենա և պատրաստ է արյան գնով պաշտպանել իր իրավունքը: