Արյան խմբով դիետաները արդյունավետ չեն
Տորոնտոյի համալսարանի մասնագետները, լայնածավալ հետազոտություն անցկացնելուց հետո հայտարարել են, որ տարածված կարծիքը, թե արյան խմբով պայմանավորված սննդակարգն ու դիետաները դրական են ազդում առողջության վրա, իրականության հետ ոչ մի աղերս չունի:
Գիտնականները ոչ մի կապ չեն գտել փորձարկման մասնակիցների արյան խմբի և պահվող դիետայի արդյունավետության միջև. աշխատությունը հրապարակվել է PLoS One ամսագրում:
«Մեդպորտալ.ռու»-ի հաղորդմամբ, արյան խմբով դիետան տարածում գտավ 1990-ականների վերջում «Eat Right for Your Type» գրքի շնորհիվ, որը թարգմանվել է աշխարհի 52 լեզուներով և վաճառվել է 7 մլն օրինակից ավելի: Եվ ահա կանադացի գիտնականների հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր տեսակի դիետաները մասնակիցների առողջության վրա լավ ազդեցություն են ունեցել` կարգավորելով նրանց քաշը, արյան ճնշումը, խոլեսթերինի մակարդակը և այլն: Սակայն որևէ վիճակագրական կապ արյան խմբով դիետա պահելու և առողջությունը բարելավելու միջև չի հաստատվել: