Հ. Նաղդալյան. Դիվանագիտական հանդիպումները սադրիչ գրոհներով զուգակցելը անխուսափելիորեն պատժվելու է
«Անչափ կարևորում եմ քաղաքական գնահատական հնչեցնելը, քանզի այս ձեռագիրը մենք արդեն վաղուց ենք նկատել և բարձրաձայնել, երբ դիվանագիտական հերթական հանդիպումները ադրբեջանցիները զուգակցում են պրովոկացիոն, սադրիչ գործողություններով ու գրոհներով, որը հերթական զոհերի պատճառ է դառնում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը` իր ցավակցությունը հայտնելով երիտասարդ զինվորի, կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի ընտանիքին ու հարազատներին: Հիշեցնենք, Ադրբեջանի դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձերի հետևանքով այսօր գիշերը զոհվել է կրտսեր սերժանտ Ա. Հովհաննիսյանը:
Տիկին Նաղդալյանը վստահություն հայտնեց, որ ինչպես և վերջին նման սադրանքների դեպքում, այս անգամ ևս հայկական կողմը մի քանի անգամ գերազանցող հարվածով կպատասխանի հակառակորդին.
«Վստահ եմ` ինչպես պատասխանել, այնպես էլ` այս անգամ էլ կպատասխանենք ազերիներին` մեկ զինվորի դիմաց մի քանիսի կյանքով ենք պատժելու: Չգիտեմ դրա մեջ ինչ լավ բան կա ադրբեջանցիների համար և ադրբեջանական հասարակությանը կամ իշխանությանը դա, ի վերջո, ինչ է տալիս կամ ավելացնում: Կցանկանայի կոչ անել, որ փոքր- ինչ խորհեին սրա շուրջ ՝ ինչու են իրենց և մեր երիտասարդների կյանքով վճարում այս անմիտ և անարդյունք քայլերի համար»,- հնչեցրեց ԱԺ փոխխոսնակը:
Նա հերթական անգամ կարևորեց միջազգային հանրության դիրքորոշումը և որ, ի վերջո, գնահատականներ հնչեցվեն կոնկրետ հասցեատիրոջը.
«Նաև կարող եմ ասել, որ տեսանելի է քայլ առ քայլ, կաթիլ առ կաթիլ միջազգային հանրության և համանախագահների վերաբերմունքի մեջ դրսևորվող փոփոխությունը: Սակայն օր առաջ անհրաժեշտ է գնահատական տալ, ձերբազատվել հավասարազոր, ստանդարտ ձևակերպումներից, ինչպես օրինակ՝ «կողմերին կոչ ենք անում» և այլն, փոխարենն ՝անցնել ավելի հստակ, յուրաքանչյուրի դերակատարությանը կամ գործողությանը լիարժեք որակում տալու գործելաոճին, որը, կարծում եմ, ավելի ճիշտ և արդյունավետ կլինի, քան կեղծ դիվանագիտություն բանեցնելը»,- հավելեց մեր զրուցակիցը:
Նախորդիվ` Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան