Դ. Ջամալյան. Պատերազմ սեփական պատմության դեմ
Այս օրերին պաշտոնական Բաքուն հանրայնացրեց Արցախի դեմ իր սանձազերծած ագրեսիայի ընթացքում ադրբեջանական բանակի սպանված զինծառայողների թիվը: Բաքվում վճռել են, որ այդ թիվը պետք է լինի 11 557:
Տեղի ունեցածն իրավամբ կարելի է որակել որպես պատերազմ սեփական պատմության դեմ: Իրականում՝ կատարվածն առաջին հերթին հուշում է այն մասին, որ Արցախի տարածքը զավթելու արկածախնդրությունը Ադրբեջանում և հատկապես ալիևյան վերնախավի կողմից ընկալվում է որպես ռազմական աղետ. աղետ որի հասցրած հոգեբանական տրավմայից ալիևյան վերնախավը փորձում է ձերբազատվել ահա նման կերպով:
Իրականության հետ առերեսվելու համար քաջություն է պետք, քանզի այն իսկապես դաժան է: Պատկերացնելու համար, թե որքան դաժան է այն բավական է նշել, որ ադրբեջանական կողմը մոտ 12 հազար կորուստ ունեցել է միայն 1993-ի դեկտեմբերի 21-ից մինչև հրադադարի հաստատումը: Հատկանշական է, որ այդ ժամանակահատվածում միայն Քարվաճառի տարածաշրջանում թշնամին կորցրել է մոտ 4000 զինծառայող:
Սեփական կորուստները վարչահրամայական եղանակով նվազեցնելու հիմնական դրդապատճառներից մեկն անշուտ Հեյդար Ալիևի կենսագրությունը սրբագրելն է, ինչը միանգամայն համահունչ է նրա անձի պաշտամունքի ձևավորման քաղաքականությանը: Իսկ նման սրբագրման «անհրաժեշտություն» իսկապես կա:
Բանն այն է, որ հենց Հեյդար Ալիևի իշխանության անցնելուց հետո է ադրբեջանական բանակը կրել ամենամեծածավալ կորուստները: Հենց Հեյդար Ալիևի իշխանության օրոք՝ 1993-ին է հայոց զինուժն ազատագրել Արաքսի հովիտը, ապա՝ 1994-ին կասեցրել արդեն վերը հիշատակված ձմեռային լայնամասշտաբ հարձակումը: Ահռելի մարդկային կորուստները լրացնելու նպատակով միայն կարելի է բացատրել այն, որ իր իշխանության գալուց հետո Հեյդար Ալիևն անցկացրել է 6 զորակոչ, որից 4–ը միայն՝ 1994-ին: Ավելի քան 3000 աֆղան մոջահեդների վարձելը, որը նույնպես Հեյդար Ալիևի օրոք է եղել կրկին նպատակն է հետապնդել լրացնել մարդկային ռեսուրսների բացը «թարմ» ուժերով:
Կարծում եմ, որ այս համատեքստում հարկավոր է ուշադրություն դարձնել մեկ այլ հատկանշական հանգամանքի վրա: Բանն այն է, որ Արցախյան ազատամարտը պետք է համարել հաջողված ասիմետրիկ պատերազմի դասական օրինակ: Այս տեսակետը հիմնավորվում է ոչ միայն այն հանգամանքով, որ ադրբեջանական բանակը պարտվել է սպառազինական ռեսուրսներով մի քանի անգամ իրեն զիջող հայկական կողմին, այլև այն անհամաչափ մեծ կորուստներով, որ թշնամին կրել է հայկական զինուժի հմուտ կազմակերպած պաշտպանության արդյունքում:
Պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյան