Նոր դիվերսիա` ազդանշան քաղաքական նահանջի մասին
Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա օրերին նախատեսված հանդիպումից ու փետրվարին` նախագահների մակարդակով կազմակերպվելիք հանդիպումից առաջ, Ադրբեջանը հերթական անակնկալն է մատուցում բանակցային գործընթացի ակտիվացման ու ամենաբարձր մակարդակով հանդիպում կազմակերպելու ջանքեր գործադրողներին` համանախագահ երկրներին:
Միաժամանակ, երկու ուղղություններով դիվերսիոն գործողություն, ինչի հետևանքով հայ զինծառայող է զոհվել. այս պահի դրությամբ, ադրբեջանական կողմը միջադեպի վերաբերյալ որևէ պարզաբանում չի տարածել:
Կորուստներ ունի նաև հակառակորդը. այն մարտական հենակետերը, որոնց ուղղությամբ, դիվերսիոն գործողություն է իրականացրել, կատաղի մարտեր են իրականացվել, ինչի արդյունքում հակառակորդը տեխնիկական միջոցներ, զրահաբաճկոններ ու դիվերսիոն խմբերի հանդերձանքի այլ պարագաններ` թողնելով հայկական հենակետերի խրամուղում` փախուստի է դիմել:
Նահանջի ժամանակ, ադրբեջանցի դիվերսանտները իրենց հետ տարել են նաև սպանված ու վիրավորված համածառայակիցներին: Այս պահի դրությամբ, հայկական հենակետերում ուժեղացված հերթապահություն է տարվում:
Նկատենք, որ մեկ շաբաթ առաջ, պետական սահմանի Տավուշի ուղղությամբ տեղակայված հայկական մարտական հենակետերի ու բնակավայրերի ուղղությամբ իրականացված ինտենսիվ կրակահերթին և հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը Արցախի ՊԲ-ի հենակետերի ուղղությամբ միաժամանակյա իրականացված դիվերսիոն գործողությունները հաջորդեցին հունվարի 9-ին, Ադրբեջանի կառավարության նիստում, Իլհամ Ալիևի հնչեցրած կոշտ ելույթին:
Վերջինս սպառնալիքներ հնչեցնելով Հայաստանի ու Արցախի հասցեին, հայտարարել էր, թե` վստահ է, որ Ադրբեջանի ուժեղ բանակը պետք է ասի իր խոսքը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման մեջ և ասելու է, երբ ժամանակը գա: Համենայնդեպս, այս պահի դրությամբ, Ադրբեջանի բանակն իրեն դրսևորում է` «իր խոսքն ասում է», խաղաղ բնակիչների ուղղությամբ արձակված կրակահերթերով ու դիվերսիոն հարձակումներով, որի ժամանակ զգալի կորուստներ է գրանցում:
Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 19-ին, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումից հետո, ինչպես միջնորդները, այնպես էլ հայկական ու ադրբեջանական կողմերը լավատեսություն էին արտահայտել բանակցային պրոցեսի այս փուլում նշմարվող զարգացումների վերաբերյալ` հույս հայտնելով, որ առաջիկայում հնարավոր կլինի առավել հաճախակի` նախագահների մակարդակով հանդիպումներ կազմակերպել:
Սակայն հունվարի 9-ին, կառավարության նիստում Ադրբեջանի նախագահի հնչեցրած հայտարարություններով ու դրան հետևած` հայկական դիրքերի ու բնակավայրերի ուղղությամբ ինտենսիվ կրակահերթերով ու դիվերսիոն գործողություններով, Ադրբեջանը քաղաքական նահանջի ազդանշան հնչեցրեց, ինչն իրական սպառնալիքի տակ դրեց առաջիկայում սպասվող հանդիպումները: Ամեն դեպքում այն լավատեսական ֆոնը, որը գոյություն ուներ Վիեննայի հանդիպումից հետո, կարծես, վերջնականապես ցրվեց:
Փորձագետ Տիգրան Աբրահամյան