Վ. Խրիստենկո. Հայաստանում շատ նորմեր ավելի են զարգացած, քան անգամ Մաքսային միությունում
Հայաստանն արդեն այս տարի՝ 2014թ.-ին պատրաստ կլինի ստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը միանալու մասին համաձայնագիրը: Այս մասին «Эксперт» արբերականին տված հարցազրույցում հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն:
Նա համոզմունք է հայտնել, որ ՄՄ-ին և ՄՏՏ-ին միանալու որոշումը Հայաստանի ինքնիշխան որոշումն է, ապա հավելել, որ այդ որոշումը ոչ միայն Հայաստանի ղեկավարության քաղաքական կամքն է, այլև ամրապնդված է Մաքսային միության նորմատիվ և պայմանագրային բազայի շատ լուրջ մշակմամբ:
«Հայաստանի մեր գործընկերների հետ միասին շատ կարճ ժամանակում կատարվել է վիթխարի աշխատանք: Դեկտեմբերի վերջին հաստատվել է ոչ միայն Մաքսային միությանը, այլև Միասնական տնտեսական տարածությանը միանալու «ճանապարհային քարտեզը», որը բաղկացած է 300 կետից»,- նշել է Վ. Խրիստենկոն:
Անդրադառնալով Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածության հետ Հայաստանի ընդհանուր սահմանի բացակայությանը՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահն այդ հանգամանքն ընդհանրապես խնդիր չի համարել:
«Ընդհանուր սահմանի բացակայությունն ընդհանրապես խնդիր չէ: Երբ Հունաստանը միացավ Եվրամիությանը, նույնպես ընդհանուր սահման չուներ Եվրամիության հետ: Կիպրոսը նույնպես որևէ ընդհանուր սահման չունի Եվրամիության հետ, այն ընդհանրապես կղզի է: Ռուսաստանն ու Կալինինգրադի մարզն էլ չունեն ընդհանուր սահման, և ի՞նչ»,- ասել է Վ. Խրիստենկոն:
Նա ընդգծել է, որ Մաքսային միության համար Հայաստանի միանալու հարցում որևէ ռիսկեր և վտանգներ չկան, այլ հակառակը, ըստ նրա, Հայաստանում բավական զարգացած է մաքսային, բուսասանիտարական ենթակառուցվածքը, լաբորատոր համակարգը, տեխնիկական կարգավորման սպասարկումը:
«Մեր համատեղ գործողությունների ժամանակ մեր հայ գործընկերների պետական կառավարման ապարատն ի ցույց դրեց օպերատիվ և արդյունավետ աշխատելու բարձր պատրաստվածություն: Հայաստանում շատ նորմեր ավելի են զարգացած, քան անգամ Մաքսային միությունում: Եվ ես չեմ բացառում, որ մենք կարող ենք դրանցից որոշները ինտեգրել վերազգային օրենսդրության մեջ՝ որպես առավել առաջադիմական»,- եզրափակել է Վիկտոր Խրիստենկոն: