«Freedom House»-ը կոչ է անում պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի իշխանությունների նկատմամբ
«Ժամանակն է, որ ուկրաինական իշխանությունները պատասխան տան իրենց գործողությունների համար: Այդ նպատակով ԱՄՆ-ն պետք է ակտիվացնի իր գործողությունները»,- այս մասին «Ukranews» լրատվական գործակալության փոխանցմամբ, «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է «Freedom House» միջազգային իրավապաշտպան կազմակերպության նախագահ Դեվիդ Կրամերը:
Նա «Freedom House»-ի անունից կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի, ներքին գործերի նախարար Վիտալի Զախարչենկոյի, գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկեյի և Գերագույն Ռադայում իշխող «Ռեգիոնների կուսակցության» պատգամավորների նկատմամբ՝ վերջիններիս կողմից քաղաքացիական ազատությունները սահմանափակելու համար:
«ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը պետք է զանգահարի Յանուկովիչին և ասի նրան, որ եթե չդադարեցվի ուժի կիրառումը, ապա կգլխավորի այն մարդկանց ցուցակը, ում նկատմամբ ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի: Կարծում եմ, որ ժամանակն է ոչ թե սոսկ քննարկել պատժամիջոցներ կիրառելու հարցը, այլ պարզապես պետք է անել դա. պատժամիջոցներ՝ ներքին գործերի նախարարի, գլխավոր դատախազի, պատգամավորների, ընդհուպ մինչև նախագահի և նրա շրջապատի դեմ, որոնք նախորդ շաբաթ օրենքներ են ընդունել և սահմանափակել քաղաքացիների կամարտահայտման իրավունքը»,- ընդգծել է Դ. Կրամերը:
Կրամերը նաև իր աջակցությունն է հայտնել Ուկրաինայում բարձր մակարդակով ԱՄՆ-ի կամ Եվրամիության հատուկ ներկայացուցչի նշանակման գաղափարին: «Freedom House»-ի նախագահը համոզմունք է հայտնել, որ Արևմուտքը պետք է կանգնի նրանց կողքին, ովքեր դեմ են դուրս եկել իշխող «Ռեգիոնների կուսակցության» հակաժողովրդավարական գործողություններին:
Հիշեցնենք, որ հունվարի 19-ին Կիևի Գրուշեսկու պողոտայում տեղի են ունեցել ցուցարարների և իրավապահների միջև զանգվածային բախումներ, որոնց պատճառ է դարձել Գերագույն Ռադայի շենքին մոտենալը իրավապահների կողմից արգելելը: Տարբեր տվյալներով՝ բախումներից տուժել է ավելի քան 200 մարդ:
Ցուցարարներն իրենց բողոքն են արտահայտել, որ երկրի խորհրդարանը՝ Գերագույն Ռադան օրեր առաջ արագացված կարգով ընդունել է օրենքներ, որոնք ընձեռում են ցույցերը կոշտ միջոցներով ցրելու, ցուցարարներին տուգանելու և բանտարկելու իրավունք, ինչպես նաև` առանց խորհրդարանական պատկան հանձնաժողովի համաձայնության, պատգամավորներին մանդատներից զրկելու հնարավորություն։
Նշենք, որ մոտ երկու ամիս Կիևի կենտրոնում շարունակվում են զանգվածային բողոքի ակցիաները, որոնց մասնակիցները պահանջում են նախագահից և կառավարությունից ստորագրել Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա