Milliyet. Թուրքիայի առաջին քայլը 1915-ի հոգեբանական պատերազմում
Վրաստանի նորընտիր նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարել է Թուրքիա: Անկարայի նախագահական պալատում նրա պատվին մատուցած ճաշի ժամանակ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը ևս մեկ անգամ շնորհավորել է վրացի գործընկերոջը 2013-ի հոկտեմբերի 27-ին երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ:
Թուրքական «Միլլիյեթ» օրաթերթը տեղեկացնում է, որ Անկարան արդեն առաջին քայլն է կատարում «1915-ի հոգեբանական պատերազմում»: Մասնավորապես նշվում է, որ 2015-ին հայերի կողմից ծրագրված հակաթուրքական լայն արշավներին կանխավ ի պատասխան Աբդուլլահ Գյուլը փորձում է գնալ հարևան Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման և զարգացման:
Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ սպասվող հակաթուրքական քարոզչությունը, ըստ նույն աղբյուրի, կատարվելու է հիմնականում հայկական սփյուռքի առաջնորդությամբ: Ի հակադրություն դրան` Թուրքիան էլ որոշում է ընդունել Հայաստանի սահմանակից հարևանների` Ադրբեջանի ու Վրաստանի հետ էներգետիկ մեծամասշտաբ համագործակցություն զարգացնել:
«Նման զարգացումները կարող են մեկնաբանվել որպես եռակողմ մամլիչ քաղաքականություն` ուղղված տնտեսության մեջ լուրջ դժվարություններ ունեցող և ծայրահեղ ազգայնական գաղափարներով շարժվող Հայաստանի դեմ»,- գրում է թուրքական պարբերականը:
Հիշեցվում է, որ ավելի վաղ` հունվարի 14-ին, դեսպանների հետ հանդիպման ժամանակ Գյուլը նրանց հրահանգել էր աշխատել այնպես, որպեսզի Թուրքիան դրական լույսի ներքո երևա միջազգային հանրությանը: Թուրքիայի նախագահի այդ կարգադրությունը գնահատվել էր որպես 2015-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին սպասվող հակաթուրքական քարոզչությունը դիմագրավելու մասին նախազգուշական ուղերձ:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան