Ռուդիկ Յարալյան. Իրանին չհրավիրելը հավասարակշռություն պահելու փորձ է
«Ժնև-2» միջազգային համաժողովի նախօրեին հայտնի է դարձել, որ ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Պան Գի Մունը հետ է վերցրել Ժնևում Սիրիայի հիմնախնդրի կարգավորման գործընթացներին Իրանի մասնակցության հրավերը: Խնդիրը լուսաբանելու նպատակով Panorama.am-ը զրուցել է իրանագետ Ռուդիկ Յարալյանի հետ:
- Ի՞նչն է պատճառ դարձել ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նման որոշման համար:
-Կարծում եմ՝ «Ժնև-2»-ին Իրանի մասնակցությամբ Մերձավոր Արևելքում որակապես նոր գործընթացների սկիզբ կարող էր դրվել, որը կնշանավորվեր տարածաշրջանային զարգացումներում այդ երկրի անկաշկանդ և լիիրավ դերակատարմամբ: Դա կարող էր վերածվել անդառնալի գործընթացի, որը, համենայն դեպս այս փուլում, կարող էր արձանագրել հակաիրանական տրամադրվածության արտաքին ուժերի պարտությունը: ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի հիշյալ որոշումը թվում է՝ փորձ է՝ գոնե որոշ ժամանակով պահելու նժարների հավասարակշռությունը: Բացի այդ, Իրանի միջուկային հիմնախնդրի շուրջ բանակցությունները դեռ չեն ավարտվել, ուստի կարելի է ենթադրել, որ Արևմուտքը փորձում է առժամանակ հեռու պահել Իրանին տարածաշրջանային գործընթացներից, ինչպես նաև Իրանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն աստիճանաբար, այլ ոչ միանգամից վերացնել, որպեսզի Իրանի հետ հետագա բանակցություններում զիջելու տեղ ունենա:
- Ձեր խոսքերից կարելի՞ է ենթադրել, որ վաղ, թե ուշ առավել շահեկան դիրքերում է հայտնվելու Իրանը, այլ ոչ նրան հակադիր ուժերը:
-Կարելի է նաև այդպես ասել, իսկ առավել հստակ՝ հաղթելու է համագործակցությունը (ժպտում է): Կարծում եմ՝ Իրանի և Արևմուտքի միջև համագործակցության մեկնարկն արդեն իսկ տրվել է, և այն տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերի 24-ին, երբ հայտնի դարձավ ԻԻՀ-ի և «վեցյակ» երկրների միջև Իրանի միջուկային հիմնահարցի շուրջ նախնական պայմանավորվածության մասին: Այլ հարց է, թե նրանց միջև «հաշտեցման» գործընթացներն ինչ տեմպերով և ընդհատումներով են ընթանում: Այդ ընդհատումների պատճառներից մեկն էլ այն է, որ հնարավոր չէ միանգամից երկրորդ պլան մղել հակաիրանական արշավում արևմտյան գերտերություններին ծառայություններ մատուցած արտաքին ուժերի գործոնը, որը որոշակի ազդեցություն Իրանի վերաբերյալ ընդունված միջազգային որոշումների վրա առայսօր պահպանում է:
- Ո՞վ է շահում, և ո՞վ կորցնում Իրանի՝ «Ժնև-2»-ին չմասնակցելուց:
-Կարելի է ենթադրել, որ «Ժնև-2» համաժողովին Իրանի չմասնակցելուց ժամանակավորապես կշահեն այն ուժերը, որոնք շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմամբ և շիական գաղափարախոսության ու ազդեցության տարածման դեմ պայքարը դիտարկում են որպես սեփական առաջխաղացման հիմնական գրավական: Խոսքը, նախ և առաջ, վերաբերում է Թուրքիային, Սաուդյան Արաբիային, ահաբեկչական և ծայրահեղ իսլամական խմբավորումներին, որոնք ակտիվ միջամտություն են ցուցաբերում սիրիական ճգնաժամին: Մնացածը կարող են կորցնել, այլ ոչ թե շահել, նույնիսկ՝ Իսրայելը. համոզված եմ, որ վերոհիշյալ ուժերը, հատկապես ներկա փուլում, Իսրայելի անվտանգության համար առավել մեծ սպառնալիք են ներկայացնում, քան Իրանը, որն ընտրել է Արևմուտքի հետ երկխոսության ճանապարհը և պատրաստ է հստակ գործողություններով ապացուցել միջազգային հանրությանը, որ իր միջուկային ծրագիրը խաղաղ բնույթի է:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա