Փորձագետ. Ադրբեջանցի հաքերները լուռ կլինեն, պատրաստվելու են հաջորդ օրացուցային օրվան
Հայկական կայքերի վրա ադրբեջանցի հաքերների հունվարի 20-ի հարձակումը տեղեկատվական անվտանգության հարցերով փորձագետ Սամվել Մարտիրոսյանը բնութագրում է որպես սեզոնային սրացում: Մասնագետի խոսքով, հունվարի 20-ին իրենք նախորոք պատրաստվում են: Նախորդ օրերին հարձակումները զրոյացվում են, կուտակում են կայքերի տվյալները, որ մեկ օրում կոտրեն:
«Իրենք դա կոչում են սև հունվար, դա այն օրն է, երբ հայկական ջարդերից հետո խորհրդային զորքը մտավ Բաքու և զոհեր եղան: Հիմա երկու շաբաթ լուռ կլինեն: Պատրաստվելու են հաջորդ իրենց օրացուցային օրվան՝ Խոջալուի հետ կապված: Իրենց հաջորդ հարձակմանը պետք է սպասել փետրվարի 26-ից 28-ը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց փորձագետը:
Նախորդ տարի ադրբեջանցիների այդ օրվա հարձակումն ավելի ուժեղ է եղել: Սամվել Մարտիրոսյանի բնորոշմամբ, այս անգամ շատ բան չեն կարողացել կոտրել.
«Հիմա խոսում են 60 կայքերի մասին, բայց իրականում ավելի քիչ է, շատ հայելային կայքեր են կոտրել, որ տարբեր անուններով են, բայց նույն կայքն է: Կայքերի քանակն այնքան էլ կարևոր չէ, հարցը որակն է: Վերջին հարձակումների հետ կապված ամենամեծ խնդիրն այն է, որ թիրախ են դառնում Արցախի գերատեսչությունների կայքերը: Հայաստանի պաշտոնական կայքերը լավ պաշտպանված են, չեն կարողանում կոտրել: Իրական խնդիրն այս պահին այդտեղ է: Բայց կարող ենք շնորհակալ լինել ադրբեջանական հաքերներին, որ ցույց են տալիս մեր թույլ կողմերը»:
«Ինտերնետ հանրություն» ՀԿ փոխնախագահ Գրիգոր Սաղյանն իր հերթին նշեց, որ կայքերի վրա այս անգամվա գրոհից հետո պարզվեց, որ կայք գրող մի ընկերություն խոցելիություն ուներ, այդ պատճառով ընկերության կողմից գրված մի քանի կայքեր հեշտությամբ կոտրվել էին:
«Քանակը չեմ կարող ասել, որ շատ մեծ է, ինչ-որ կատաստրոֆա չէ, նորմալ գործընթաց է: Անհրաժեշտ է հաշվի առնել թերությունները: Կարող եմ ուրախացնել, որ Հայաստանում սկսել է գործել ոչ պաշտոնական խումբ, որը անվտանգության հարցերով տեղեկություններ է մատուցում, վերապատրաստում է մարդկանց»,- ասաց նա:
Հավելենք, որ երեկվա սահմանային միջադեպին, որի հետևանքով հայ զինվոր էր զոհվել, հայ հաքերներն էլ են արձագանքել: Կոտրել են ադրբեջանական 13 կայք:
Նախորդ տարվա ընթացքում ադրբեջանցի հաքերները մոտ հազար անգամ են հարձակում գործել:
Նախորդիվ՝
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան