Սոս Գիմիշյան. ՄՄ-ին ՀՀ-ի անդամակցությունը լուծում է Ղարաբաղի հիմնահարցը
«Մաքսային միությանը Հայաստանի անդամակցելու հարցում կան և դրական, և բացասական կողմեր: Իմ կարծիքով, Հայաստանի համար դրականը ավելի շատ է»,-Panorama.am-ի հետ զրույցում` անդրադառնալով Վիկտոր Խրիստենկոյի այն հայտարարությանը, որ 2014թ.-ին ՀՀ-ը պատրաստ կլինի ստորագրել ՄՄ-ին միանալու համաձայնագիրը, կարծիք հայտնեց «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը:
Նրա խոսքով, Մաքսային միությանը անդամակցելով` կարելի է լուծված համարել Ղարաբաղի հիմնահարցը:
«Իսկ ՀՀ-ի ազգային անվտանգության հարցը կլինի ավելի ամուր հիմքերի վրա: Մենք միանում ենք Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի միությանը, սակայն չպետք է մոռանալ, որ այդ երկրներում նույնպես գոյություն ունեն բազմաթիվ խնդիրներ»,-կարծիք հայտնեց Ս.Գիմիշյանը:
Նա նշեց նաև, որ այն, ինչ այսօր տեղի է ունենում Եվրոպայում բարոյական, հոգևոր դաշտում իր համար անընդունելի է:
«Մի քանի ամիս առաջ ընդունված գենդերի մասին օրենքը իմ համար ուղղակի այլասեռման մասին օրենք է: Եվրոպան մեզ առաջարկում է մի 15 տարի անց դառնալ ԵՄ-ի անդամ, սակայն առանց հայկական արժեքային բարոյական համակարգի: Նրանք մեզ ստիպում են այդ ամենից հրաժարվել»,-նշեց Գիմիշյանը:
Ս. Գիմիշյանը հավելեց, որ Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհին բացասականի կողքին դրականն, այնուհանդերձ, ավելի շատ է:
«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն էլ, անդրադառնալով ՀՀ-ի Մաքսային միությանը անդամակցելու հարցին, նշեց, որ Մաքսային միության մասին խոսելիս շեշտը հիմնականում դնում են տնտեսական բաղադրիչի վրա, սակայն հիմնականը դա քաղաքական ուղենիշն է:
«Եթե նույնիսկ Հայաստանի համար այլընտրանք չլիներ՝ Մաքսային միությանը անդամակցելու հետ կապված, այդ անդամակցումը չպետք է տեղի ունենար այսքան նսեմացուցիչ ձևով»,-նշեց Պ.Մակեյանը:
Նա նշեց, որ ԵՄ-ում առկա է կայացած ժողովրդավարական արժեհամակարգ, ժողովրդավարական ընտրություններ, պաշտպանվում են մարդու իրավունքները, իսկ ՌԴ-ից, Ղազախստանից և Բելառուսից այդ արժեքները կիլոմետրերով հեռու են:
Պ. Մակեյանը հավելեց, որ Մաքսային միությանը ՀՀ-ի միանալու օգուտների մասին խոսելը դեռ վաղ է և անհրաժեշտ է սպասել հետագա զարգացումներին:
Հիշեցնենք, որ ռուսական պարբերականներից մեկին տված հարցազրույցում Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Վիկտոր Խրիստենկոն հայտարարել էր, որ «Հայաստանն արդեն այս տարի պատրաստ կլինի ստորագրել Մաքսային միությանը և Միասնական տնտեսական տարածությանը միանալու մասին համաձայնագիրը»:
Վ. Խրիստենկո. Հայաստանում շատ նորմեր ավելի են զարգացած, քան անգամ Մաքսային միությունում
Իվան Սուխով. «Հարավային Կովկասում համագործակցությունը Ռուսաստանի և ԵՄ-ի միջև միակ կառուցողական տարբերակն է»