Երգի նշանավոր վարպետ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է (լուսանկարներ, տեսանյութ)
Կոմպոզիտոր, ՀԽՍՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, Պետական մրցանակների դափնեկիր Առնո Բաբաջանյանը հայկական երաժշտարվեստի ամենաինքնատիպ դեմքերից է:
Այսօր հենց նրա ՝ երգի նշանավոր վարպետ Առնո Բաբաջանյանի ծննդյան օրն է. 1921 թ. հունվարի 22, Երևան:
Նրա տաղանդը Արամ Խաչատրյանը դեռ հինգ տարեկանում նկատելով՝ որոշում է, որ տղան պետք է երաժշտությամբ զբաղվի։ Դրանից հետո, 1929-ին ընդունվել է Երևանի պետական կոնսերվատորիային կից երաժշտական դպրոցը, որն ավարտելուց հետո սովորում է կոնսերվատորիայում։ Այնուհետև, 1948-ին ուսումը շարունակել է Մոսկվայի կոնսերվատորիայի դաշնամուրի բաժնում՝ միաժամանակ կատարելագործվելով Մոսկվայում գործող Հայաստանի կուլտուրայի տանը կից ստուդիայում։
1950-1956 թթ. դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում։ 1956-ից հաստատվել է Մոսկվայում, ուր և վախճանվել է 1983-ի նոյեմբերի 11-ին:
Առնո Բաբաջանյանի ստեղծագործական հարուստ ժառանգությունը ներառում է երգեր, գործիքային կատարումներ, սիմֆոնիկ երաժշտություն։ Նա ստեղծագործել է տարբեր ոճերով՝ դասական, պոպ, ջազ։ Բաբաջանյանի ստեղծագործական ոճը ձևավորվել է Արամ Խաչատրյանի և Սերգեյ Ռախմանինովի ազդեցությամբ։ Իսկ նրա ստեղծագործական անհատականությունը դրսևորվել է դաշնամուրի և նվագախմբի համար գրված «Հերոսական բալլադում» (1950) և դաշնամուրային տրիոյում (1952)։ Լայն ժողովրդականություն վայելող «Հայկական ռապսոդիան» գրել է 1950-ին։ Բաբաջանյանի ինքնատիպ ոճը դրսևորվել է նաև ջութակի ու դաշնամուրի սոնատում, թավջութակի կոնցերտում:
Կոմպոզիտորի բացառիկ տաղանդը խոր զգացմունքայնությամբ դրսևորվել է նաև նրա երգերում: Հանրահայտ են Բաբաջանյանի «Երկրագնդի լավագույն քաղաքը», «Կամուրջներ», «Գուշակիր ցանկությունս», «Մի շտապիր» և այլ երգեր, որոնք կատարվել են ԽՍՀՄ-ում և արտասահմանում: Գրել է նաև երաժշտություն թատրոնի («Իմ սիրտը լեռներում է») և հայկական կինոնկարների համար՝ «Հասցեատիրոջ որոնումները» (1955 թ.), «Ամպրոպի արահետով» (1956 թ.), «Առաջին սիրո երգը» (1958 թ., համահեղինակ՝ Ղազարոս Սարյան), «Հարսնացուն հյուսիսից» (1975 թ.), «Բաղդասարը բաժանվում է կնոջից» (1976 թ.), «Երջանկության մեխանիկան» (1982 թ.) և այլն: 1991 թ-ին` Մոսկվայում, 1996 թ-ին Երևանում ստեղծվել են «Առնո Բաբաջանյան» հիմնադրամները:
«Ինչ էլ գրեմ՝ ստացվում է հայեցի»: Այդպիսին է Առնո Բաբաջանյանի խորհրդանշական խոստովանությունը:
«Փայլուն կոմպոզիտոր, փայլուն դաշնակահար, սիրելի հարևան և շատ տարիների հավատարիմ ընկեր` ահա թե ով է եղել ինձ համար մեծն Առնոն, որը, չնայած վաղաժամ մահվան, հասցրեծ անել նշանակալի ներդրում իր ժամանակի երաժշտության մեջ»,- ասել է ռուս խորհրդային երաժիշտ, դիրիժոր, թավջութակահար, դաշանակահար Մստիսլավ Ռոստրոպովիչը:
ՍՍՀՄ ժողովրդական արտիստ, կոմպոզիտոր Ռոդիոն Շեդրինն էլ ասել է. «Ինձ միշտ հուզել է և հուզում է, թե ինչքան անմնացորտ էր Առնոն սիրում իր երկիրը, իր ժողովրդին, իր հարազատ լեզուն, և իր ժողովրդի երաժշտությունը: Այս այրող և միարժամանակ նուրբ սերը ես տեսնում եմ նրա ստեղծագործություններում: Երբեք չեմ մոռանա, թե ինչպես Առնո Բաբաջանյանը ծանոթացրեծ ինձ Հայաստանի հետ, այնպիսի սրտաճմլիկ սիրով դեպի իր հայրենիքը, որ անհանգստությունից շունչն էր կտրվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում