Լարիսա Ալավերդյան. Մադրիդյան սկզբունքները խրախուսում են Ադրբեջանի սադրիչ պահվածքը
«Ադրբեջանը իր այս սադրանքներով փորձարկում է միջազգային հանրության և Մինսկի խմբի արձագանքները: Ես պնդում եմ, որ այն ինչ պարունակվում է տխրահռչակ մադրիդյան սկզբունքներում խրախուսում է Ադրբեջանի այս պահվածքը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացրած սահմանային վերջին սադրանքներին ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը:
Նա նշեց, որ մադրիդյան սկզբունքները չեն արտացոլում այն իրավիճակը, որը ստեղծվել է այսօր Հարավային Կովկասի տարածաշրջանում:
«Այս տարիների ընթացքում միջազգային հանրության թողտվությամբ Ադրբեջանը գնում է այդպիսի սադրանքների, քանի որ հակառակ պարագայում, ադրբեջանական ժողովուրդը, ընդդիմությունը կարող է մեղադրեն ադրբեջանական իշխանություններին անգործության մեջ»,-նշեց Լ. Ալավերդյանը:
Իր հերթին, գրականագետ Վարդան Դևրիկյանը անդրադառնալով սահմային վերջին միջադեպին նշեց, որ այս պահին ՀՀ-ում տեղի է ունենում զորակոչ և ադրբեջանական կողմը միշտ զորակոչային օրերին դիմում է այդպիսի սադրանքների, որպեսզի հայ նորակոչիկների մոտ խուճապային տրամադրություններ առաջացնի:
«Ադրբեջանցիները շատ հաճախ դիմում են սահմանային սադրանքների հենց Մարտակերտում, քանի որ այդ դիրքերը աշխարհագրորեն ավելի խոցելի տարածքում են, քանի որ տարածքը ավելի շատ դաշտավայրային է: Բացի այդ, ադրբեջանցիները, հավանաբար, հիշում են, որ ղարաբաղյան պատերազմի օրերին որոշակի հաջողությունների են հասել հենց Մարտակերտի ուղղությամբ ռազմական գործողություններում»,-նշեց Վ. Դևրիկյանը:
Նա հավելեց, որ զոհված զինվորը իսկական քաջագործություն է իրականացրել՝ կրակը վերցնելով իր վրա: