Արցախի նախագահ. Ադրբեջանի պահվածքը խիստ ապակառուցողական է ու ահաբեկչական
Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցում այսօր տեղի է ունեցել ադրբեջանական դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցնելու ժամանակ հերոսաբար նահատակված ԼՂՀ պաշտպանության բանակի կրտսեր սերժանտ Արմեն Հովհաննիսյանի հիշատակին նվիրված հոգեհանգստյան արարողություն:
Միջոցառմանը ներկա է եղել հանրապետության բարձրաստիճան ղեկավարությունը` Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, Նախագահը ԼՂՀ իշխանությունների և ժողովրդի անունից խորին ցավակցություն է հայտնել Հովհաննիսյանների ընտանիքին` երիտասարդ զինվորի անդառնալի կորստի կապակցությամբ:
Երկրի ղեկավարի խոսքով` Արմեն Հովհաննիսյանը և նրա մարտական ընկերները ցույց են տվել հայրենիքին անմնացորդ նվիրվածության և ռազմարվեստին գերազանց տիրապետելու փայլուն օրինակ՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ Արցախի Հանրապետության զինված ուժերն ի վիճակի են կասեցնել թշնամու կողմից ագրեսիայի ցանկացած դրսևորում:
Նախագահ Սահակյանն Ադրբեջանի պահվածքը համարել է խիստ ապակառուցողական ու ահաբեկչական և ընդգծել, որ այն մեծ հարված է հասցնում տարածաշրջանում կայունության ու խաղաղության պահպանմանը և ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված միջազգային հանրության ջանքերին:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում