2013-ը`ՀՀ արտաքին գործերի նախարարի ներկայացմամբ
2013 թվականը նշանավորվեց Մաքսային միությանը Հայաստանիմիանալու որոշմամբ, որը բխում է Հայաստանի տնտեսական ու ռազմական շահերից»,- ամփոփելով 2013 թվականին արտաքին քաղաքականության ոլորտում իրականացված աշխատանքները` ասուլիսում ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Ըստ նրա, արցախյան հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ Հայաստանը տարվա ընթացքում շարունակել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ ջանքերը` հիմնահարցի բացառապես խաղաղ, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի հիման վրա հանգուցալուծման ուղղությամբ:
Նախարարի խոսքով, միջազգային հանրության մոտեցումները համահունչ են Հայաստանի կողմից որդեգրած դիրքորոշմանն առ այն, որ հիմնախնդրի խաղաղ հանգուցալուծումը չունի այլընտրանք և կարգավորման հիմնարար սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են և դրանցից որևէ մեկը մյուսի նկատմամբ գերակայություն տալու փորձերն անհնարին կդարձնեն հիմնախնդրի կարգավորումը:
Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ միջոցառումների կազմակերպման վերաբերյալ ՀՀ նախագահի հանձնարարականների կատարման ուղղությամբ ԱԳՆ-ն և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների կողմից սփյուռքի կառույցների հետ համատեղ հետևողական աշխատանքներն են տարվում Հայոց ցեղասպանության` որպես մարդկության դեմ գործած ոճիրի միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ:
Հայ-թուրքական հարաբերությունների առանց նախապայմանների կարգավորման Հայաստանի սկզբունքային մոտեցումը, Է. Նալբանդյանի խոսքով, շարունակում է վայելել միջազգային հանրության աջակցությունը:
Նախարարը նշեց, որ Հայաստանը 2013 թվականին շարունակել է սերտացնել իր դաշնակցային հարաբերությունները ՌԴ-ի հետ, խորացնել ԱՄՆ-ի հետ բարեկամական գործընկերությունը: Ըստ նրա, եվրոպական երկրների հետ քաղաքական երկխոսության տնտեսական համագործակցության և մշակութային կապերի ամրապնդումը շարունակել է մնալ Հայաստանի արտաքին քաղաքականության գերակայությունների շարքում:
Ամփոփելով խոսքը, նախարար Նալբանդյանն ասաց, որ Հայաստանը շարունակում է մնալ վստահելի գործընկեր, որի մասին վկայում են նաև Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ դրական հրապարակումները հեղինակավոր միջազգային լրատվամիջոցներում:
«Մեր նպատակն է ընդլայնել Հայաստանի գործընկերների, բարեկամների թիվը»,-ասաց նախարարը:
Լրահոս
Տեսանյութեր
Գրետա Թունբերգ. Երկերեսանիություն ու կեղծավորություն է, որ COP29-ը տեղի է ունենում Ադրբեջանում