Դա կնշանակեր «Եվրամայդանի» վերջը
Ուկրաինայի մայրաքաղաքում երկու ամիս շարունակվող զանգվածային բողոքի ակցիաները վերածվել են ցուցարարների և իրավապահների միջև մարտական գործողությունների: Հունվարի 19-ին ընդդիմության լիդերները հրավիրել են հերթական հանրահավաքը, որում դատապարտել են խորհրդարանի՝ Գերագույն Ռադայի կողմից նոր օրենքների փաթեթի ընդունումը, ինչով սահմանափակվում են հավաքների և խոսքի ազատությունը: Սակայն հերթական ելույթներից ձանձրացած ցուցարարների մի մասը դժգոհել է ընդդիմադիր առաջնորդների անվճռականությունից և միասնական լիդեր ընտրելու անկարողությունից:
Աստիճանաբար մոտ 100 հազար մասնակիցներ ունեցող բողոքի ցույցը դուրս է եկել վերահսկողությունից: Արմատական տրամադրված հարյուրավոր ցուցարարներ շարժվել են խորհրդարանի շենքի ուղղությամբ: Թեև խորհրդարանի շենքում պատգամավորներ չեն եղել՝ իրավապահները արգելել են ցուցարարներին մոտենալ շենքին: Ինչպես սովորաբար պատահում է նման դեպքերում, կայծից հրդեհ է բռնկվում: Ցուցարարները փորձել են հեռացնել իրենց ճանապարհին կանգնած ավտոբուսը, սկսվել է հրմշտոց, ապա գործի են դրվել քարեր, փայտե, մետաղե մահակներ, «Մոլոտովյան կոկտեյլներ», ինչին ի պատասխան իրավապահները կիրառել են արցունքաբեր գազ, նռնակներ, ջրցան մեքենաներ և այլն: Արդեն չորս օր է բախումները շարունակվում են: Վերջին տվյալներով՝ բախումներից տուժել է 1400 մարդ, կա երկու զոհ:
«Եվրամայդանն» ու վիճելի օրենքները
Անցած տարվա նոյեմբերի 21-ին, Վիլնյուսի գագաթաժողովից մեկ շաբաթ առաջ Ուկրաինայի կառավարությունը կասեցնում է Եվրամիության հետ ասոցացման համաձայնագրի ստորագրումը: Նույն օրը երեկոյան մոտ 2 հազար մարդ դուրս է գալիս Կիևի Ազատության հրապարակ (Майдан Незалежности)՝ դատապարտելով կառավարության որոշումը: Բողոքի ակցիային միանում են ընդդիմադիր կուսակցությունների առաջնորդները: Նոյեմբերի 24-ին արդեն տեղի է ունենում զանգվածային բողոքի ցույց, որին մասնակցում է 50-100 հազար մարդ: Ցուցարարները պահանջում էին ստորագրել ԵՄ հետ համաձայնագիրը:
Նոյեմբերի 30-ին իրավապահների և ցուցարների միջև բախումներ են տեղի ունենում, ցույցը ցրվում է, ձերբակալվում են տասնյակ ցուցարարներ: Սակայն հաջորդ իսկ օրը կրկին Կիևի կենտրոնում հավաքվում են հազարավոր ցուցարարներ, որոնք գրոհում են քաղաքապետարանի, նախագահի նստավայրի, կառավարական այլ շենքեր: Բախումներից տուժում է 100-ից ավելի մարդ: Ընդդիմությունը հայտարարում է, որ պատասխանատվություն չի կրում ցուցարարների այդ գործողությունների համար: Այդպես մոտ երկու ամիս շարունակվում են բողոքի ցույցերը և բախումները իրավապահների հետ: Եվրոպական ինտեգրման կողմնակիցների ցույցերը վերածվում են հակակառավարական ակցիաների, ընդդիմությունը պահանջում է նախագահի ու կառավարության հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացում:
Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը իր վրդովմունքն է արտահայտել տեղի ունեցած բախումների կապակցությամբ, դատապարտել դրանք և սադրանք որակել: Սկզբնական շրջանում ուկրաինական իշխանությունների արձագանքը զգուշավոր էր: Երկրի վարչապետ Նիկոլայ Ազարովն անգամ ներողություն է խնդրել իրավապահ մարմինների կոշտ գործողությունների համար: Նոյեմբերի 30-ից հետո հրաժարական է ներկայացրել Կիևի ոստիկանապետը, անգամ նախագահի աշխատակազմի ղեկավարը, բայց նրանց հրաժարականները չեն ընդունվել: Որոշ պատգամավորներ դուրս են եկել իշխող կուսակցությունից:
Եվ ահա ներքաղաքական ճգնաժամի խորացմանը և բողոքի ցույցերի չդադարելուն զուգահեռ Ուկրաինայի խորհրդարանը հունվարի 18-ին ընդունում է օրենսդրական փոփոխությունների փաթեթ, որով իրավական տեսանկյունից անհնար է դառնում բողոքի ցույցերի շարունակումը: Նոր ընդունված օրենքներով սահմանվում է, որ, օրինակ, բողոքի ցույցի մասնակիցները պետք է նախապես ստանան ոստիկանության թույլատրությունը վրաններ, բեմ և սարքավորումներ տեղադրելու համար, արգելվում է փակել դեմքը և ունենալ ինքնապաշտպանության միջոցներ, զրպարտության և ծայրահեղական գործողությունների համար նախատեսվում է քրեական պատասխանատվություն: Զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար սահմանված է 10-15 տարի ազատազրկում: Դատարանները կարող են վճիռ կայացնել առանց մեղադրյալի ներկայության և այլն:
Ընդդիմությունը այդ օրենքների ընդունումը մեկնաբանել է որպես ոստիկանական դիկտատուրա հաստատելու փորձ, որը կարող է էլ ավելի սրել լարվածությունը և հանգեցնել քաղաքացիական դիմակայության, պատերազմի: Տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները հայտարարել են, որ օրենքները սահմանափակում են քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները, կոչ արել պատասխանատվության ենթարկել ուկրաինական իշխանություններին:
Միջազգային արձագանքը
Միջազգային հանրությունը անմիջապես արձագանքեց Ուկրաինայում տեղի ունեցող զարգացումներին: Եվրամիությունը խորը մտահոգություն է արտահայտել Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ և քաղաքական ճգնաժամը ժաղովրդավարական ճանապարհով լուծելու համար համազգային երկխոսության կոչ արել: Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով հանձնակատար Քեթրին Էշթոնը հայտարարել է. «Մենք մեծապես անհանգստացած ենք անցած շաբաթ ուկրաինական օրենսդրական գործընթացներով: Կոչ ենք անում իշխանություններին ևս մեկ անգամ վերադառնալ այդ օրենքներին և համապատասխանեցնել դրանք եվրոպական ու միջազգային պարտավորություններին»:
Արևմտյան մամուլում նշվում է, որ Եվրամիությունը այնքան էլ խիստ չի արձագանքել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձություններին: Պատճառն այն է, որ ԵՄ-ում չկա միասնական տեսակետ` չնայած որ ԵՄ-ն կարևորում է Ուկրաինայի եվրաինտեգրման գործընթացը և այդ զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հենց ի պաշտպանություն ԵՄ հետ Ուկրաինայի հարաբերությունների խորացման:
Շատ ավելի խիստ արձագանքել է ԱՄՆ-ն, որը սպառնացել է պատժամիջոցներ կիրառել Ուկրաինայի նկատմամբ : Սպիտակ տան Ուկրաինայի գծով անվտանգության խորհրդի պաշտոնական ներկայացուցիչ Քեյթլին Հեյդենը հայտարարել է, որ ԱՄՆ-ն կոչ է արել Ուկրաինայի իշխանություններին վերջ տալ հունվարի 19-ին Մայդանում իրականացրած հակաժողովրդավարական գործողություններին:
«Աճող լարվածությունը անմիջական հետևանքն է այն բանի, որ կառավարությունը ի վիճակի չէ ընդունել սեփական ժողովրդի օրինական պահանջները: Դրա փոխարեն այդ երկրի կառավարությունը թուլացնում է Ուկրաինայում հաստատված ժողովրդավարության հիմքերը՝ խաղաղ բողոքները համարելով քրեական հանցագործություններ: Առաջին իսկ օրերից Մայդանում շարժումը խաղաղ էր, և մենք ողջունում էինք այդ առաջնորդների նման սկզբունքայնությունը: ԱՄՆ-ն ուսումնասիրելու է լրացուցիչ միջոցների կիրառման հնարավորությունը, այդ թվում՝ պատժամիջոցների կիրառումը»,- հայտարարել է Սպիտակ տան ներկայացուցիչը:
ՄԱԿ-ում նույնպես խոր անհանգստություն են արտահայտել և կառուցողական երկխոսության կոչ արել: ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով բարձրագույն հանձնակատար Նավանեթհեմ Պիլեյի խոսքով՝ Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքները կարող են լրջորեն սահմանափակել քաղաքացիների հիմնական իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաև հանգեցնել մարդու իրավունքների ոտնահարման անպատժելիության:
Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան այդ հայտարարությունները համարել է միջամտություն երկրի ներքին գործերին և կոչ արել օբյեկտիվ լինել Ուկրաինայի ներքին զարգացումներին գնահատական տալիս:
Իսկ ահա Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավովը համոզմունք է հայտնել, որ Ուկրաինայում անկարգությունները հրահրվում են նաև դրսից: Նրա դիտարկմամբ՝ Ուկրաինայի մայրաքաղաքում ընդդիմության գործողությունները խախտում են բոլոր եվրոպական նորմերը:
«Քաղաքապետարանի, կառավարական շենքերի գրավումը, որտեղ գրոհայինները մնացել են մի քանի շաբաթ, դուք պատկերացնո՞ւմ եք, որ դա տեղի ունենա Եվրամիության որևէ երկրում: Հնարավո՞ր է դա: Նրանք երբեք դա թույլ չէին տա»,- ընդգծել է նա և հայտարարել Մոսկվայի պատրաստակամության մասին միջնորդել Ուկրաինայում քաղաքական ճգնաժամի լուծման գործում:
Երկխոսությո՞ւն, թե՞ արտակարգ դրություն
Միջազգային հանրությունը, խոշոր պետությունները անխտիր կոչ են անում Ուկրաինայի ընդդիմությանն ու իշխանությանը կառուցողական երկխոսություն սկսել ստեղծված ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար: Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստակամություն է հայտնել երկխոսություն սկսել ընդդիմության հետ, ինչի նպատակով ձևավորել համապատասխան հանձնաժողով :
Կողմերը եկել են համաձայնության բանակցություններ սկսել, սակայն տեղի ունեցած բանակցություններին ներկա չի գտնվել Ուկրաինայի նախագահը, ինչն առաջացրել է ընդդիմության դժգոհությունը: Ընդդիմությունը բանակցությունների սեղանին իշխանության առաջ դրել է հետևյալ պահանջները` հատուկ ստորաբաժանումների դուրս բերում Կիևից, ընդունված օրենքների չեղյալ հայտարարում, ձերբակալված ցուցարարների ազատ արձակում, գործող կառավարության հրաժարական և անցումային կառավարության ձևավորում, արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ:
Իշխանությունն իր հերթին պահանջում է դադարեցնել բախումներն ու բողոքի ակցիաները, ինչից հետո միայն արդյունավետ երկխոսության հնարավորություն կստեղծվի: Ընդդիմության առաջնորդներից Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ իշխանությունները չեն ցանկանում լսել և կատարել ցուցարարների պահանջները, հետևաբար, ըստ նրա, իրադարձությունների հետագա զարգացման ողջ պատասխանատվությունը ընկնում է բացառապես Վիկտոր Յանուկովիչի վրա:
Ուկրաինական մամուլն ու փորձագետները փաստում են, որ հունվարի 19-ի բախումների հիմնական պատճառներից մեկն այն է եղել, որ ցուցարարներն այլևս չեն վստահում ընդդիմության լիդերներին, քանի որ վերջիններս չեն ցուցաբերում անհրաժեշտ վճռականություն և ընտրում միասնական առաջնորդ, ինչպես նաև այն պատճառով, որ ընդդիմությունը ուղղակի պատասխանատվություն չի ստանձնում տեղի ունեցող գործողությունների համար:
Հետաքրքրական է, որ երկու ամիս տևող բախումներից և արյունահեղությունից հետո Ուկրաինայում դեռևս պաշտոնապես հայտարարված չէ արտակարգ դրություն, ինչն արդեն ընդունված օրենքների լույսի ներքո և ընդդիմության ու իշխանության միջև երկխոսության տապալման պարագայում միակ ելքը կարող է լինել: Իսկ այդ ելքը կնշանակի «Եվրամայդանի» երկամսյա էպոպեայի վերջը:
Հեղինակ` Տիգրան Խաչատրյան
Panorama.am-ը տեղեկացնում է, որ խմբագրության կարծիքը կարող է չհամընկնել հեղինակի կարծիքի հետ
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները