Ահազանգ. Մագելի քարանձավի կենսաբազմազանությունը վտանգված է
Վայոց ձորի մարզի Նորավանքի կիրճում գտնվող Հայաստանի ամենամեծ և կարմիր գրքում գրանցված կենդանիներով հարուստ Մագելի քարանձավը հայտնվել է լուրջ վտանգի առջև, ահազանգում են մասնագետները: Տուրիզմը զարգացնելու նպատակով պատրաստվում են շահագործել քարանձավը, իսկ մասնագետները կարծում են, որ դա կսպառնա այնտեղի կենդանատեսակների գոյությանը:
Բնապահպանության նախարարությունն ահազանգից հետո հայտարարել է, որ ոչ մի նախագիծ չի լինի առանց բնապահպանական փորձաքննության:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության ինստիտուտի ողնաշարավոր կենդանիների լաբորատորիայի ղեկավար Մամիկոն Ղասաբյանը նշեց, քարանձավի շահագործումը պարզապես կսպանի կենսաբազմազանությունը:
«Դեկտեմբերին հեռուստացույցով լսեցինք, որ Մշակույթի նախարարությունը պատրաստվում է վարձով տալ քարանձավը: Թող զբաղվեն մշակույթով, մենք կանխելու ենք դա: Այս քարանձավը եկեք թողնենք կենսաբազմազանության համար: Ուրիշ քարանձավներում զարգացնենք տուրիզմը: Միայն շինարարական աշխատանքները կխախտեն կենդանիների բնական կյանքն ու շատ վատ հետևանքներ կթողնեն: Նույնիսկ ջերմաստիճանի ամենաթույլ տատանումը կխախտի կենսաբազմազանության ակտիվությունը»,- ասաց մասնագետը:
Ձեռքաթևավորների մասնագետ, պրոֆեսոր Էդուարդ Յավրույանն էլ հավելեց, որ այդ մուտքի փոքր խողովակով ամեն մի մարդու մտնել-դուրս գալուց այնտեղի ոչ միայն կաթնասունների կենսաբազմազանությունն է խախտվում, այլև թռչուններն են վտանգվում:
«Մտնելուց տեսնում են չղչիկ է, վնասում են: Այդ թռչուններն ավելի մեծ օգուտ են բերում, նրանք մեկ գիշերվա մեջ ոչնչացնում են վնասակար կենդանիներին: Այնտեղ չղչիկների հինգ տեսակ կար, որոնցից մեկն արդեն ոչնչացվել է: Քարանձավը կենսաբազմազանության մի օղակն է: Քարանձավներ կան, որտեղ կարելի է տուրիզմը զարգացնել: Բայց ինչո՞ւ պետք է ոչնչացնել բնական օջախը, որը տարիների ու դարերի ընթացքում կայունացած կենսաբազմազանություն ունի»,- ասաց Յավուրյանը:
ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության կենդանական ռեսուրսների կառավարման բաժնի պետ, կենսաբանական գիտությունների թեկնածու Սևակ Բալոյանը ևս մեկ անգամ վստահեցրեց, որ առանց փորձաքննության քարանձավը չի շահագործվի:
«Շահագործման խնդիրը դեռ 2010-ին է եղել: Ծրագիր ներկայացվեց, նախարարությունը նշեց, որ իր եզրակացությունը կտա մոնիթորինգից և այնտեղ կենսաբազմազանության պահպանության եղանակների մշակումից հետո միայն: Սակայն այդ նախագծի ներկայացումից հետո ոչինչ չի արվել, իսկ այս պայմաններում շատ վաղ է խոսել շահագործման մասին: Այդ գործունեությունը չի կարող սկսվել, քանի դեռ չկա բնապահպանական փորձաքննություն»,- ասաց նա:
Նախարարության ներկայացուցիչը նշեց նաև, որ քարանձավները տուրիստական նպատակով կիրառելու նախադեպ Հայաստանում դեռ չի եղել: Պետք է կիրառվի միջազգային փորձը, որի առաջնային խնդիրը կենսաբազմազանության ապահովումն է:
«Եթե ապահովվեն այնպիսի պայմաններ, որ կենսաբազմազանության գործունեությունը չխաթարվի և ապահովվի, նախարարությունը կտա դրական եզրակացություն, եթե ոչ, չի լինի շահագործումը»,- ընգծեց Սևակ Բալոյանը:
Հավելենք, որ Մագելի քարանձավում մոտ 81 տեսակի բուսատեսակներ և կնեդանատեսակներ կան: Այնտեղ յուրահատուկ էկոհամարգ կա: Քարանձավը բնապահպանական արգելավայր է:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան