Կարծիքներ. Անհրաժեշտ է հակառակորդին անհամաչափ հարված հասցնել
Ադրբեջանի կողմից իրականացված դիվերսիոն գործողությունների, հետագայում դրանց կանխարգելման, առաջնագծում կորուստները նվազագույնին հասցնելու վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է ռազմական փորձագետների ու գործիչների հետ:
ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ Կարեն Սարիբեկյանը կարծում է, որ Ադրբեջանը նման քայլերով ընդգծում է իր վերաբերմունքը բանակցային գործընթացի վերաբերյալ`ցույց տալով «թքած ունի» այն ամենի վրա, ինչն արվում է միջնորդների կողմից` խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ:
«Դիվերսիոն գործողություններն իրականացվում են Ադրբեջանի ղեկավարության քաղաքական որոշումների հիման վրա և դրա դեմը հնարավոր կլինի առնել` Ալիևի նկատմամբ ճնշումներ իրականացնելու միջոցով»,- նշեց Կ. Սարիբեկյանը` հավելելով, որ մինչ այդ, հայկական զորքերի մարտունակությունը պետք է անընդհատ բարձրացնել, ինչը թույլ կտա նվազագույնի հասցնել հնարավոր կորուստները:
Կ. Սարիբեկյանը վստահ է, որ հակառակորդին խիստ պատժի ենթարկումն այլընտրանք չունի և նրանք իրենց քայլերի համար պետք է պատասխան տան:
Այս առնչությամբ, ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը նշեց, որ անկախ այն հանգամանքից, թե հնարավոր կլինի արդյոք դիվանագիտական ճանապարհով կարգավորել սահմանագծին տեղի ունեցող նմանատիպ միջադեպեր, հայկական կողմը պետք է անըդհատ բարձրացնի առաջապահ ստորաբաժանումների զգոնությունը:
«Մարտական հերթապահություն իրականացնող ստորաբաժանումները համապատասխան ուսուցում և հրահանգավորում մշտապես ստանում են, սակայն հաշվի առնելով Ադրբեջանի կողմից հաճախակի իրականացվող սադրանքները, մանավանդ, բանակցությունների մակարդակով տեղի ունենալիք հանդիպումների առաջ ու կարևոր տարածաշրջանային այցերի ընթացքում պետք է առավել ուժեղացված ծառայություն իրականացնեն առաջնագծում»,-հավելեց Ս. Պետրոսյանը:
«Ցավոք, հակառակորդի դիվերսիոն գործողությունը հնարավոր եղավ կասեցնել հայ զինծառայողի զոհվելու գնով, սակայն ամեն դեպքում հայ դիրքապահները ի վիճակի եղան, իրենց մի քանի անգամ գերազանցող հակառակորդին ոչ միայն դիմադրել, այլ ետ շպրտել հայկական դիրքից: Որքան էլ հակառակորդը փորձում է թաքցնել իր զոհերի ու վիրավորների իրական թիվը, ամեն դեպքում, վերջին օրերին նկատելի է, որ ադրբեջանական լրատվամիջոցները տեղեկացնումե ն տարբեր միւադեպերի արդյունքում մահացած կամ վիրավորված` մեկ տասնյակի հասնող միջադեպերի մասին»,- նշեց նա:
«Ամեն դեպքում, անհրաժեշտ է հակառակորդին անհամաչափ հարված հասցնել, որպեսզի հակառակորդի մարտական դիրքերում կանգնածները հասկանան, որ ցանկացած նման դեպք անպատիժ չի մնալու»,- եզրափակեց բանախոսը:
Նախորդիվ`
Ադրբեջանը դիվերսիոն խմբերի ներթափանցման փորձեր է իրականացրել, հայ զինծառայող է զոհվել
Ադրբեջանը հաղորդում է 4 վիրավորների առկայության մասին
Պնախարարը՝ Ադրբեջանի դիվերսիոն խմբերի հարձակումը կասեցրած զինվորների մասին
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա