Կարևոր տեղեկատվություն ՌԴ մեկնողների համար
2014թ. հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում ուժի մեջ են մտել «ՌԴ-ից ելքի և ՌԴ մուտքի մասին» և «ՌԴ-ում օտարերկրյա քաղաքացիների իրավական կարգավիճակի մասին» դաշնային օրենքներում կատարված փոփոխությունները:
Տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությունից հայտնում են, որ համաձայն նոր կարգի, 2014թ. հունվարի 1-ից սկսած, ՌԴ առանց վիզա մուտքի իրավունք ունեցող պետությունների (այդ թվում Հայաստանի Հանրապետության) քաղաքացիները կարող են ՌԴ տարածքում մնալ 90 օր յուրաքանչյուր 180 օրվա ընթացքում:
Դա նշանակում է, որ այդ պետությունների քաղաքացիները Ռուսաստանում 90 օր գտնվելուց հետո այլևս չեն կարող հատել Ռուսաստանի սահմանը և անմիջապես հետ վերադառնալ, ինչպես դա անում էին նախկինում:
Անհրաժեշտ է հաշվի առնել, որ վերոհիշյալ կարգը խախտողների համար սահմանվել է ՌԴ մուտք գործելու արգելք 3 տարի ժամկետով: