Վ.Թումասյան. Մենակ կրիմինալն էր գլխներիս պակաս
«Հայաստանում ամեն ինչ արվում է մարդուն հիասթափեցնելու, զզվեցնելու համար, որ հայրենիք, հայրենասիրություն մոռանան. ինֆորմացիան և անպատժելիությունն է դրան տանում»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Գյումրիի «Շիրակ կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Վահան Թումասյանը` մեկնաբանելով այն լուրերը, թե Գյումրու նախկին քաղաքապետի որդի Սպարտակ Ղուկասյանը գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանի տան մոտ հայհոյանքներ ու սպառնալիքներ է հնչեցրել:
Վ.Թումասյանն ասաց, որ ինքն էլ միջադեպի մասին տեղեկացել է մամուլից ու անկախ ամենօրյա գործունեությունից զարմանալու ունակությունը չի կորցրել, և սա այդ դեպքերից մեկն է, որ եթե լուրերը իրականությանը համապատասխանում են, ապա....
«Նման միջադեպերի դեպքում ոստիկանությունը միշտ հերքում է, բայց հետո պարզվում է, որ եղել է` վերջին օրինակն էլ Ղուկասյանի տան խուզարկության դեպքն է: Չգիտեմ սա ինչով պայմանավորեմ` կամ իշխանությունները հատուկ մարդկանց են պահում, որ նրանց սնեն, կամ չգիտեմ ինչ ասեմ: Ուղղակի շատ ցավալի է»,- նշեց մեր գյումրեցի զրուցակիցը:
Վ.Թումասյանը հորդորեց այցելել Գյումրու անօթևանների տնակներ, որպեսզի տիրող ամենաթողության, անպատժելիության պատկերը ավելի հստականա:
«Մտնում ես անօթևանների տնակներ, շատերը ձերբակալված են` լվացք գողանալու, հաց, կոմպոտ գողանալու, մեկի տանը չգիտեմ ինչ անելու համար: Իսկ ամենաթողության, երկիրը քանդելու համար ոչ մի բան չեն անում, ամոթ է»,- նշեց նա:
Ավելացրեց. «Ես որ չէի մտածել երկիրը լքելու, արտագաղթելու մասին , նման բաներ լսելով ու տեսնելով սկսում եմ մտածել դրա մասին` ընտանիքս վերցնեմ ու գնամ: Բա ի՞նչ է մնում, եթե նման անպատժելիության մթնոլորտ է: Մենակ կրիմինալն էր գլխներիս պակաս: Բայց ոստիկանությունն է անում, թողնում, որ դրան հասնի.... ուրիշ բան չես մտածի»,- հավելեց Վահան Թումասյանը:
Նշենք, որ Panorama.am-ի հետ զրույցում Սամվել Բալասանյանի մամուլի խոսնակ Զոհրաբ Եգանյանը փոխանցեց, որ Գյումրու քաղաքապետը երեկ է վերադարձել ԱՄՆ-ից, նման միջադեպի ականատես չի եղել, տան շրջակայքում տեղադրված տեսախցիկների տեսագրությունը դիտելուց հետ, եթե հրապարակելու անհրաժեշտություն լինի, ապա կհրապարակվի:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում