«Մադրիդյան սկզբունքները մեռած փաստաթուղթ են». քաղաքագետ
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Առավոտ»-ի թղթակցի հետ զրույցում անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած դիվերսիոն հարձակմանը, որի հետևանքով զոհվել էր 19-ամյա զինծառայող Արմեն Հովհաննիսյանը, հիշեցրել է Սաֆարովի արտահանձնումը և շարունակել.
«Սաֆարովի արտահանձնումից հետո հայտարարեցի, որ մադրիդյան սկզբունքները մեռած փաստաթուղթ են և չեն կարող բանակցությունների շարունակության հիմք դառնալ: Հիմա այն, ինչ տեղի է ունենում սահմանում, բացատրվում է ոչ միայն այդ սկզբունքների ոչ լիարժեք կամ միակողմանի լինելով, այլև այն փաստով, որ վերջին հաշվով բանակցային գործընթացը, որպես այդպիսին, չկա, և որևէ մեկը չի պատկերացնում զարգացման հետագա սցենարները:
Բաքուն շատ լավ է հասկանում է և այդ անորոշությունը ծառայեցնում է դիվիդենտներ շահելու համար: Նա ամեն ինչ անում է, որ լարվածությունը շատանա, և տարբեր գործընթացներով ստիպում է, որ իրեն ինչ-որ բանում համոզեն: Սա պետք է բացատրել ոչ միայն մադրիդյան սկզբունքներով, այլև այն ֆոնով, որ ստեղծվել է հայ-ադրբեջանական հարաբերություններում և միջազգային հանրության ընկալման մեջ»: